Մատչելիության հղումներ

Սուր շնչառական վարակներով, թոքաբորբով հոսպիտալացվածների թիվն աճում է


Այսօրվա դրությամբ գրիպով և սուր շնչառական վարակներով Հայաստանում հոսպիտալացվել է 568 հիվանդ, որից 461-ը` 0-18 տարեկան, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Այս տվյալները հրապարակվել են առողջապահության նախարարությունում ստեղծված արագ և օպերատիվ արձագանքման աշխատանքային խմբի այսօր կայացած խորհրդակցության ժամանակ։

Նախարար Արմեն Մուրադյանը հետաքրքրվել է հիվանդանոցներում բուժվողների, հատկապես` թոքոբորբով հիվանդների վիճակով, իրականացվող բուժումների ընթացքով, ինչպես նաև զորամասերում առկա իրավիճակով և զինծառայողների առողջությամբ: Զեկուցվել է, որ զորամասերում բարվոք վիճակ է։ Հանձնարարվել է շարունակել սերտ համագործակցությունը Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության և հանրապետական զինկոմիսարիատի հետ` տարբեր վարակիչ հիվանդություններով կամ ջերմող զինակոչիկների մուտքը զորամաս կանխելու նպատակով։

Նախարարին տեղեկացրել են, որ այսօրվանից Երևանի պոլիկլինիկաներն անցել են բնականոն աշխատանքի։ Շաբաթ և կիրակի օրերին առաջնային օղակը կաշխատի ժամը 10-17-ը։ Մուրադյանը հանձնարարել է ապահովել, որպեսզի առաջիկա հանգստյան օրերին աշխատեն նաև մարզային պոլիկլինիկաները։ Նա կարևորել է հիվանդության վաղ հայտնաբերումը և մասնագիտական բուժումը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Արմեն Մուրադյանը շարունակում է համայցերը տարբեր բժշկական կազմակերպություններ` ծանր հիվանդների բուժումը տեղում կազմակերպելու և վերահսկելու նպատակով, իր հաղորդագրությունում նշում է առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ վերլուծության արդյունքների հիման վրա մշակվում են կանխարգելիչ և կազմակերպական լայնածավալ աշխատանքներ:

Երեկվա դրությամբ, հիշեցնենք, սուր շնչառական վարակներով Հայաստանում գրանցվել էր հոսպիտալացման 515 դեպք, որից 126-ը` թոքաբորբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG