Մատչելիության հղումներ

Զարուհի Հովհաննիսյանը ցանկանում է իմանալ նաև, թե ովքեր են «այդ մարդկանց դատարկ գլուխը լցնում ատելությամբ»:

Հրապարակախոս, քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի հասցեին «Ֆեյսբուք»-ով սպառնալիքներ հնչեցրած «Անդրե Մակարով» կեղծանունով օգտատերը երեկ երեկոյան սոցիալական նույն կայքում ներողություն է խնդրել Հովհաննիսյանից՝ անձնական նամակով իր կողմից ուղարկված «անհիմն և անընդունելի գրառման համար», ինչպես նաև նրա ընկերների հասցեին անձնական նամակով ուղղված «ոչ-կոռեկտ գրառումների համար»:

Նա նշել է, թե էթիկայի կանոններն իր կողմից խախտելը պայմանավորված է եղել «էմոցիայով և զայրույթով», ինչի համար հայցում է բոլոր օգտատերերի ներողամտությունը:

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ ոստիկանությունը նախապատրաստած նյութերն այսօր կուղարկի Քննչական կոմիտե: Ակտիվիստին, սակայն, միայն ներողությունը չի բավարարում․ - «Ես չեմ բավարարվում, որովհետև ես ուզում եմ իմանալ նաև ովքեր են իրեն սնուցում: Ովքեր են այդ մարդկանց դատարկ գլուխը․․․ լցնում ատելությամբ հենց կոնկրետ քաղաքացիական ակտիվիստների և քաղաքական գործիչների հանդեպ»:

«Ֆեյսբուք»-ում «Անդրե Մակարով» մականունով ներկայացած անձը, ըստ Հովհաննիսյանի, իրականում 22-ամյա Անդրանիկ Ավետիսյանն է: Նա անձնական նամակով սպառնացել էր իրեն՝ «տնից դուրս գալուց կողքերդ նայի, զգույշ էղի, էս երկու օրը չսպանեն հանկարծ երեխուդ հետ»:

Հովհաննիսյանը հրապարակել էր սպառնալիքը, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Երկու օր անց, նրա փոխանցմամբ՝ Ավետիսյանին ոստիկանություն է հանձնել վերջինիս մայրը․ - «Որևէ զղջման բան չուներ․․․ Հասկանում էր, որ ինքը չափը անցել ա, այսինքն՝ մայրն էր հասկանում: Ինքը շարունակում էր հոխորտալ, որ՝ այստեղ պատերազմական իրավիճակ կսկսվի ձեր գործունեության արդյունքում, այո, ես չեմ ընդունում․․․ Մայրն էլ ասում էր՝ հա, դե տարբեր են մարդիկ մտածում: Չէր հասկանում, որ ատելության խոսք է հնչեցնում իր տղան․․․ չէր հասկանում»:

Քաղաքացիական ակտիվիստների դեմ բռնությունները Հովհաննիսյանը համարում է ընդդիմախոսներին լռեցնելու փորձ․ - «Սահմանադրական փոփոխություններից հետո մենք իհարկե կսպասենք ավելի լուրջ փոփոխություններ մարդու իրավունքների տեսանկյունից՝ հետընթաց: Այդ հետընթացներին արձագանքողներ և պայքարողներ ավելի քիչ կլինեն և նրանք կլինեն առավել խոցելի: Մարելու տենդենցը և միտումը․․․ որտեղից է գալիս այդ հրահանգը, չեմ կարող ասել: Միշտ թիրախավորել ոստիկանությանը և ասել ոստիկանությունը մեղավոր է․․․ Դա ավելի բարձր, ավելի համապարփակ միջոցառումների արդյունք է»:

«Ուղղակի ոստիկանությունը Հայաստանի քաղաքացիներին բաժանել է երկու մասի՝ յուրայիններ և ոչ-յուրայիններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: - «Ոչ-յուրայինները ակտիվիստներ են, ում նկատմամբ լցված են ատելությամբ: Սա ոչ-պրոֆեսիոնալ աշխատանքի, անձնական մոտեցումներով առաջնորդվելու՝ ոստիկանապետի ուղղակի ցուցումներով է արվում»:

Հիմնավորելով իր ասածը՝ Ալեքսանյանը հայտարարեց, որ ընդդիմադիրների, ակտիվիստների նկատմամբ բռնությունները, որպես կանոն, չեն բացահայտվում:

«Ինչքան կարող են հանդուրժել քաղաքացիները, երբ 23-ամյա աղջկա են ոտի տակ գցում․․․ Բարոյական ճգնաժամ է․ կարելի է աղջկան ծեծել, ու այսպիսի լռություն լինի: Հանրապետական փափկասուն տիկնայք, որ հայտարարություններով են հանդես գալիս՝ մտահոգված Հայաստանի Հանրապետությունով և այլն, որևէ մեկը չի արձագանքում», - նշեց Ալեքսանյանը՝ վստահություն հայտնելով նաև, որ վերջին դեպքերն էլ չեն բացահայտվի:

Անցած տարեվերջին մոտ մեկ տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ ահազանգել են իրենց նկատմամբ բռնության ու սպառնալիքների մասին: Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված Գևորգ Սաֆարյանին իրավապաշտպանները քաղաքական բանտարկյալ են համարում:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են վարվում Վարդգես Գասպարիի հետ, քանի որ տեղյակ ենք, թե ինչպես էր [ոստիկանապետը] իր աշխատասենյակում սպառնում գլխատել Վարդգես Գասպարիին․․․ Անձնական մոտեցումները և «ինչ ուզենամ՝ կանեմ» անպատժելի վարքագիծն է սա», - ասաց Ժաննա Ալեքսանյանը:

XS
SM
MD
LG