Մատչելիության հղումներ

ՀՀԿ․ «Պետք է մեկուսացնել զինված ինքնապաշտպանության կոչ անողներին»


Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Վահրամ Բաղդասարյան, արխիվ

«Նոր Հայաստան»-ը այսօր հայտարարել է՝ եթե պետությունն ի վիճակի չէ պաշտպանել քաղաքացուն, ապա «չի խոչընդոտում քաղաքացիների կողմից բոլոր միջոցներով, այդ թվում՝ զենքով ինքնապաշտպանությանը»:

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարի համոզմամբ, պետք է մեկուսացնել բոլոր նրանց, ովքեր զենքով ինքնապաշտպանվելու մասին հայտարարություններ են անում:

Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, անդրադառնալով վերջին օրերին իր անդամների նկատմամբ իրականացված «ոստիկանական բռնություններին», հայտարարել է, որ եթե պետությունն ի վիճակի չէ պաշտպանել քաղաքացուն, ապա «առնվազն չի խոչընդոտում տվյալ քաղաքացիների կողմից բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ զենքով ինքնապաշտպանությանը»:

«Այդ հայտարարությունն անողներին ես, օրինակ, մտածում եմ, որ ընդհանրապես պետք է մեկուսացնել հասարակությունից: Այսինքն՝ քաղաքացիական պատերազմի կո՞չ են անում: Ի՞նչ ինքնապաշտպանության մասին է խոսքը: Ինչ է՝ Հայաստանում կամ ցանկացած երկրում նման միջադեպեր չե՞ն լինում, և ոստիկանությունն էլ պետք է զբաղվի այդ գործերով: Կոչ են անում, որ երիտասարդներին հանեն իրար դե՞մ, ազգը ազգի դե՞մ: Վտանգավոր է, որ ընդհանրապես նման կոչ անողները շփվեն հասարակության հետ, դրա մեջ կհամոզվեք ապագայում:

Ես չգիտեմ՝ դրանք ումով են ուղղորդվում, նախ պետք է ճշտել: Ես գնալով միանշանակ համոզվում եմ, որ ուղղորդողներ կան, որովհետև այդպես չսիրել իրենց երկիրը, իրենց պետությունը և անընդհատ ցանկանալ լարել ներքաղաքական իրավիճակը, խոչընդոտներ ստեղծել առանց այդ էլ արտաքին աշխարհի այս մարտահրավերների պայմաններում․․․»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն իրավաչափ է համարում անցած դեկտեմբերի 31-ին ոստիկանության իրականացրած գործողությունները, երբ իրավապահները «Նոր Հայաստան»-ի անդամներին թույլ չտվեցին տոնածառ տեղադրել հրապարակում: Հարցին՝ ի՞նչ կլիներ, եթե տոնածառը տեղադրվեր, հաշվի առնելով, որ տոնական օրերին տարբեր վայրերում բազմաթիվ տոնածառեր են դրվում, նա այսպես արձագանքեց՝

«Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ կկատարվի, եթե Երևան քաղաքի յուրաքանչյուր բնակիչ ցանկանա Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել և Նոր տարին այդ հրապարակում տոնել: Դրա համար կան տարածքներ, և նախօրոք պետք է դիմել ու թույլտվություն ստանալ: Ոստիկանությունն ընդամենը իր պարտականությունն է կատարել, ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում: Ձեր նշած մարդկային խումբն այնպիսի իրավիճակ է ուզում ստեղծել, որ անեն արգելված որևէ բան, խառնաշփոթ ստեղծվի, որպեսզի հայտնվեն մամուլի ուշադրության կենտրոնում»:

Վահրամ Բաղդասարյանը հավելեց, թե չի ցանկանում իր ժամանակը վատնել «ինչ-որ խմբի խեղկատակությունների վրա», երկրում ավելի կարևոր իրադարձություններ են կատարվում: Պատասխանելով «Ազատության» հարցին՝ արդյոք իշխանություններին չե՞ն մտահոգում իրավապաշտապանների այն հայտարարությունները, որոնցում «Նոր Հայաստան»-ի կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ է համարվում, Վահրամ Բաղդասարյանը «բախտախնդիրներին» հորդորեց նման որակումներով «չմրոտել երկիրը»:

«Ներողություն եմ խնդրում, ձեր նշած մարդիկ որևէ իրավունք չունեն որևէ որակավորում տալու, թե ովքեր են քաղբանտարկյալներ, ովքեր են հանցագործներ: Ձեր նշած մարդիկ բախտախնդիրներ են, որոնք ուզում են Հայաստանը հավասարեցնել Ադրբեջանին և անընդհատ «քաղբանտարկյալներ» բառն օգտագործում են․․․ որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Այդ մարդկանց ես պետք է հիշեցնեմ, որպեսզի համեմատություն անեն 90-ական թվականների հետ, թե ովքեր ընդհանրապես իրավունք ունեին դուրս գալու փողոց՝ ցույցեր անելու․․․ պետք չի մրոտել մեր երկիրը, մեր երկրում քաղբանտարկյալներ չկան»,- շարունակեց ՀՀԿ ներկայացուցիչը:

Արձագանքելով այն մեղադրանքներին, ըստ որոնց, քաղաքացիներին շարունակաբար բռնության ենթարկողները որևէ պատիժ չեն կրում (օրերս իր նկատմամբ կատարված բռնության մասին էր հայտարարել նաև «Նոր Հայաստան»- ի 23-ամյա ակտիվիստ Սյուզի Գևորգյանը), Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե ինքը դիտել է Գևորգյանի հարցազրույցը և կասկածում է, թե նա վնասվածքներ ունի:

«Ովքե՞ր են ծեծի ենթարկել, թող պարզվի, շտապողականություն պետք չի, կարող ա դա պրովակացիա է եղել: Ես լսեցի այդ աղջկա հարցազրույցը, շատ նորմալ տեսքով, շատ հաճելի տեսքով աղջնակ է, որը խոսում էր շատ նորմալ, բարեկիրթ ձևով: Պարզապես այդ վնասվածքները, որոնց մասին նախօրոք հայտարարել էին․․․ անկեղծ ասած՝ ես կասկածում եմ, որ նման վնասվածքներ կարող է եղած լինեն: Համենայն դեպս, դեպքը կատարվել է, դրա կապակցությամբ կատարվում է քննություն, որն այդ ամեն ինչի պատասխանը կտա»,- ասաց Բաղդասարյանը:

Հիշեցմանը, որ իրավապաշտպանների պնդմամբ, Գևորգյանի ծեծը հենց ոստիկանների ցուցումով է տեղի ունեցել, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարն այսպես արձագանքեց՝ «կարո՞ղ են ապացուցել դա, ես խնդրում եմ՝ ենթադրություններով առաջ մի՛ շարժվեք»:

XS
SM
MD
LG