Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում փակ լսումներ Ուորլիքի մասնակցությամբ


Կոնգրեսական Էդ Ռոյսը իր գլխավորած Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, արխիվ

Կոնգրեսական Էդ Ռոյսը իր գլխավորած Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը չորեքշաբթի օրը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մասնակցությամբ կայացած փակ լսումների ժամանակ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին հորդորել է արագացնել որպես Ռոյսի և Ինգըլի առաջարկներ հայտնի քայլերի իրականացումը՝ հանուն Լեռնային Ղարաբաղում խաղաղության:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ իր գլխավորած հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ, որին ներկա են եղել մեկ տասնյակից ավելի կոնգրեսականներ, Ռոյսը ընդգծել է․ - «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բռնությունները հասել են տասնամյակների ընթացքում ամենաբարձր կետին: Հենց անցած ամիս մենք լսեցինք հաղորդումներ ծանր զինատեսակներով հարձակումների և տանկից կրակոցների մասին, ինչը հրադադարի համաձայնագրի հստակ խախտում է: Ինչպես դեսպան Ուորլիքն է ասել, սա ոչ թե «սառեցված հակամարտություն» է, այլ՝ մոռացված հակամարտություն, որը վերահսկողությունից դուրս գալու իրական վտանգ է պարունակում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ [հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծից] բոլոր դիպուկահարները հետ քաշվեն, ավելի շատ միջազգային դիտորդներ տեղակայվեն և կրակոցների տեղորոշման համակարգեր տեղադրվեն՝ մեծացնելու թափանցիկությունը և պատասխանատվությունը յուրաքանչյուր սահմանային միջադեպի համար»:

Ազդեցիկ կոնգրեսականը շեշտել է նաև, որ ագրեսիայի ակտերը պետք է հստակորեն դատապարտվեն: «Որքան արագ վարչակազմը կարողանա օգնել սրա իրականացմանը, այնքան արագ կկարողանա նպաստել սպանություններին վերջ տալուն և պատերազմից խուսափելուն», - հայտարարել է Ռոյսը:

Կոնգրեսի հանձնաժողովում լսումների մասին Թվիթերում գրառում է կատարել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: «Շնորհակալություն եմ հայտնում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին և դրա նախագահ կոնգրեսական Էդ Ռոյսին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու նպատակով ինձ հյուրընկալելու համար: Մենք համաձայնեցինք աշխատել կարգավորման համար», - գրել է Ուորլիքը՝ մանրամասներ չփոխանցելով:

Ավելի վաղ՝ հունվարի 1-ին կրկին Թվիթերում Ջեյմս Ուորլիքը գրել է․ - «Պետք է ակտիվացնել աշխատանքը 2016-ին բանակցությունների ճանապարհով կարգավորման ուղղությամբ: Կողմերն ասում են, որ պատրաստակամ են: Ե՞րբ, եթե ոչ հիմա»:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է Կոնգրեսի հանձնաժողովի ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վրա ուշադրություն հրավիրելուն և բռնություններին վերջ տալու կոնկրետ քայլեր իրականացնելուն:

Կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Ինգըլի՝ անցած տարվա հոկտեմբերին առաջ քաշած նախաձեռնությունը, հիշեցնենք, վայելում է ութ տասնյակից ավելի կոնգրեսականների աջակցությունը և արժանացել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հավանությանը: Նախաձեռնությանը աջակցություն են հայտնել ԵԱՀԿ-ը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Միայն Ադրբեջանն է ընդդիմանում առաջարկվող քայլերի իրականացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG