Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նոր պատժամիջոցները ուժի մեջ են մտել


Ռուսաստան - Ուկրաինական Roshen քաղցրավենիքը մոսկովյան խանութում, արխիվ

Ռուսաստան - Ուկրաինական Roshen քաղցրավենիքը մոսկովյան խանութում, արխիվ

Դրանց պատճառով տուժում են նաև երրորդ երկրները, որոնք Ռուսաստանի տարածքով ազատորեն ներմուծում էին ուկրաինական ապրանքներ:

Հունվարի 1-ից ուժի մեջ մտան Ռուսաստանի տնտեսական նոր պատժամիջոցները Ուկրաինայի նկատմամբ:

Այդ պատժամիջոցների պատճառով տուժում են նաև երրորդ երկրները, որոնք նախկինում Ռուսաստանի տարածքով ազատորեն ներմուծում էին ուկրաինական ապրանքներ:

Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հունվարի 6-ի դրությամբ Ռուսաստանի տարածքով դեպի Հայաստան և Ադրբեջան ուկրաինական ապրանքների տարանցման եզակի դեպքեր են գրանցվել:

Ռուսաստանը չեղյալ է համարել Ուկրաինայի հետ ազատ առևտրի ռեժիմը, հունվարի 1-ից նոր կարգ է գործում, որը նաև խիստ սահմանափակում է Ռուսաստանի տարածքով ուկրաինական ապրանքների տարանցումը:

Ռուսաստանը շատ քիչ անցակետերով է թույլատրում կատարել ուկրաինական ապրանքների տեղափոխումը, որոնք ըստ նոր կարգի պետք է Ռուսաստան մտնեն միայն Բելառուսի տարածքից:

Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունը դեպի արևելք արտահանումների համար Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային ճանապարհներ է որոնում:

Հունվարի 15-ին ուկրաինական Իլյիչևսկ նավահանգստից կմեկնարկի բեռնարկղերով ապրանքներ տեղափոխող գնացքի փորձնական երթուղին՝ Ուկրաինա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան-Չինաստան ճանապարհով, հատելով Սև և Կասպից ծովերը:

Պաշտոնական Կիևը նաև Եվրամիության հետ խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի դեմ հակաքայլեր կատարելու համար:

Ուկրաինայի վարչապետը Ղազախստանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ասել է նաև, որ ուկրաինական ապրանքների տարանցումը խոչընդոտելու՝ Ռուսաստանի անօրինական գործողությունների դեմ մտադիր են դիմել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ևս՝ փորձելով դրա մեխանիզմներով, կազմակերպության միջոցով վերացնել Ռուսաստանի անօրինական խոչընդոտները:

XS
SM
MD
LG