Մատչելիության հղումներ

Սա, ըստ փորձագետների, կարող է նշանակել, որ Չինաստանը շուկայական պատերազմ է հայտարարում դոլարի դեմ:

Հունվարի 7-ին, ընթացիկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ, Չինաստանի ֆոնդային շուկաներում դադարեցվել են գործարքները: Ֆոնդային բորսան փակվել է բացվելուց ընդամենը 29 րոպե հետո:

Չինաստանի Ժողովրդական բանկն արժեզրկել է երկրի արժույթը՝ յուանը. մեկ դոլարն այժմ արժե 6․56 յուան, ինչը յուանի ամենացածր փոխարժեքն է 2011 թվականի մարտից ի վեր:

Յուանը արժեզրկվել է նաև ճապոնական իենի նկատմամբ՝ 3․5 տոկոսով, և եվրոյի նկատմամբ՝ 0․8 տոկոսով:

Վերլուծաբանների գնահատմամբ՝ Չինաստանի այս միջամտությունը ֆոնդային շուկայում միտված է չինական արտահանումը մեծացնելուն: Սա, ըստ փորձագետների, կարող է նշանակել, որ Չինաստանը շուկայական պատերազմ է հայտարարում դոլարի դեմ:

Մասնագետներն արժեզրկումը համեմատում են անցյալ տարի օգոստոսին չինական ազգային արժույթի արժեզրկման հետ:

Չինաստանը ապահովում է աշխարհի տնտեսական ակտիվության 17 տոկոսը, ուստի ծախսերի կրճատումը չի կարող չանդրադառնալ այլ երկրների տնտեսության վրա:

Տարածաշրջանում յուանի արժեզրկման ազդեցությունն արդեն նկատվում է. արժեզրկվել են ազգային արժույթները նաև Հոնկոնգում, Ավստրալիայում:

Կատարվածը նյարդայնացրել է հատկապես չինական ֆոնդերում ներդրումներ կատարողներին: Նրանք հայտարարում են, որ վերջնականապես հիասթափված են չինական բորսայից:

Մյուս կողմից, փորձագետներն ընդգծում են, որ Չինաստանի արտաքին պահուստները 2015 թվականի ընթացքում կրճատվել են 513 միլիարդ դոլարով: Չինաստանից ֆինանսական միջոցների արտահոսքն արագորեն մեծանում է: Դա նշանակում է, որ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի:

Որոշ վերլուծաբաններ նաև ահազանգում են, որ Չինաստանի տնտեսության անկման պարագայում 2008 թվականի օրինակով այս տարի էլ հավանական է գրանցվի համաշխարհային տնտեսական ճգնաժամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG