Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյան. Ուսումնական տարին կշարունակվի հունվարի 18-ից


Արմեն Աշոտյան, արխիվ

Արմեն Աշոտյան, արխիվ

Հայաստանի հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից։ Այդ մասին այսօր Ֆեյսբուքի իր էջում գրել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, տեղեկացնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից: Ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով» , - գրել է նախարարը:

Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ ուսումնական ծրագրի ամբողջական յուրացման նպատակով մինչ ուսումնական տարվա ավարտը կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ։

Առողջապահության նախարարությունը, իր հերթին, այսօր հաղորդագրություն է տարածել, որում ասված է. - «Հանրապետությունում վերջին շրջանում տարածված սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են։ Համաճարակաբանական իրավիճակի բարդություններից խուսափելու, վարակների հետագա տարածվածությունը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ինչպես նաև Երևանի քաղաքապետարան` դպրոցների և մանկական նախադպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդները մինչև հունվարի 18-ը երկարաձգելու առաջարկով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG