Մատչելիության հղումներ

«Մուսալեռ»-ում տեղի ունեցած սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 31-ամյա տղամարդ


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր որոշում է կայացվել 31-ամյա Ա. Բաբայանին Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

«Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 6-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տարածքում գործող «Մուսալեռ» հյուրանոցա-ռեստորանային համալիրում մի քանի երիտասարդ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հայհոյել համալիրի աշխատակիցներին, բռնություն գործադրել համալիրի աշխատակիցներ Վանուշ Խաչատրյանի և Սմբատ Խլղաթյանի, ինչպես նաև վերջինիս կանչով համալիր եկած Արմավիր մարզի Տարոնիկ գյուղի բնակիչներ Արամ Կարապետյանի ու Արմեն Խլղաթյանի նկատմամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ կոմիտեի, նախնական քննության տվյալներով, «վիճաբանության ընթացքում դրա մասնակիցներից մեկը` 31-ամյա Ա. Բաբայանը, իրեն կարգի հրավիրելու` Սմբատ Խլղաթյանի դիտողությունից վրդովված, սեփական անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից դրդված, իր մոտ գտնվող հրազենով կրակել է Արամ Կարապետյանի և Արմեն Խլղաթյանի ուղղությամբ: Փախուստի դիմելիս ատրճանակն ուղղել է նաև Սմբատ Խլղաթյանի ուղղությամբ և փորձել կրակել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, մասնավորապես` ատրճանակը խափանվելու հետևանքով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Ստացված հրազենային վնասվածքից Արամ Կարապետյանը մահացել է, իսկ Արմեն Խլղաթյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ավագ քննիչն այսօր որոշում է կայացրել Բաբայանին Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 10-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Ըստ կոմիտեի, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել Բաբայանին և միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG