Մատչելիության հղումներ

Ռուսական ռուբլու արժեզրկումը նոր ռեկորդ գրանցեց


Ռուսական ռուբլու արժեզրկումն ու նավթի գնի անկումը խորհրդանշող նկար

Ռուսական ռուբլու արժեզրկումն ու նավթի գնի անկումը խորհրդանշող նկար

Ռուսաստանյան տնտեսության համար 2016-ի կանխատեսումները նախորդ տարվա համեմատ ավելի հոռետեսական են:

Չորեքշաբթի օրը ռուսական տարադրամը նոր ռեկորդային անկում գրանցեց՝ դոլարի փոխարժեքը գերազանցեց 75 ռուբլին: Այսօր ևս այդ ցուցանիշը պահպանվում է:

Իսկ նավթի գինն արդեն 33 դոլար է՝ մեկ բարելի դիմաց․ այսքան արժեր նավթը 11 տարի առաջ:

Եվ չնայած ռուսաստանցի որոշ փորձագետներ սպասում էին, թե Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև առկա լարվածության ֆոնին նավթի գինը պետք է բարձրանա, այն շարունակում է իր սրընթաց անկումը՝ իր հետևից տանելով ռուսական տարադրամը:

Ռուսական տնտեսության վերաբերյալ նոր բացասական տվյալներ է հրապարակել Համաշխարհային բանկը, որը 2016 թվականի համար կանխատեսում է Ռուսաստանի համախառն ներքին արդյունքի կրճատում 0․7 տոկոսով: Նշենք, որ Համաշխարհային բանկի սեպտեմբերյան զեկույցում 2016-ի համար կանխատեսված էր անկում 0․6 տոկոսով:

Ավելին, Ռուսաստանի կառավարությանը կից անալիտիկ կենտրոնի վերլուծաբանները համաձայնում են Համաշխարհային բանկի այն գնահատականներին, ըստ որոնց՝ արդեն այս տարի բնակչության շուրջ մեկ երրորդը Ռուսաստանում կընդգրկվի աղքատների ցուցակում:

Կենտրոնի տվյալներով՝ 2015 թվականը աննախադեպ էր աշխատավարձերի և թոշակների իրական ցուցանիշների կրճատման ու գործազուրկների թվի մեծացման առումով: Նախկինում նման տվյալներ կենտրոնը արձանագրել էր միայն 2005-ին:

Սպասումները 2016-ի համար ավելի հոռետեսական են: Աղքատությունը, նույնիսկ պաշտոնական տվյալներով, աճելու է երկու կետով և հասնելու է 16 տոկոսի:

Նավթի գնի նոր անկումն ու ռուբլու ռեկորդային նոր արժեզրկումը դարձել են ամենաքննարկվող թեման ռուսական ինտերնետում: Ռուսաստանցիները կատակում են․ - «Հնարավոր է՝ եկող տարվա մեր երկարատև ամանորյա արձակուրդներին սեղանի միակ զարդը լինի «Օլիվիե» աղցանը»:

XS
SM
MD
LG