Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում փակ լսումներ Ուորլիքի մասնակցությամբ


Կոնգրեսական Էդ Ռոյս, արխիվ

Կոնգրեսական Էդ Ռոյս, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը երեկ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մասնակցությամբ կայացած փակ լսումների ժամանակ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին հորդորել է արագացնել որպես Ռոյսի և Ինգըլի առաջարկներ հայտնի քայլերի իրականացումը՝ հանուն Լեռնային Ղարաբաղում խաղաղության:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ իր գլխավորած հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ, որին ներկա են եղել մեկ տասնյակից ավելի կոնգրեսականներ, Ռոյսը ընդգծել է․ - «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բռնությունները հասել են տասնամյակների ընթացքում ամենաբարձր կետին: Հենց անցած ամիս մենք լսեցինք հաղորդումներ ծանր զինատեսակներով հարձակումների և տանկից կրակոցների մասին, ինչը հրադադարի համաձայնագրի հստակ խախտում է: Ինչպես դեսպան Ուորլիքն է ասել, սա ոչ թե «սառեցված հակամարտություն» է, այլ՝ մոռացված հակամարտություն, որը վերահսկողությունից դուրս գալու իրական վտանգ է պարունակում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ [հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծից] բոլոր դիպուկահարները հետ քաշվեն, ավելի շատ միջազգային դիտորդներ տեղակայվեն և կրակոցների տեղորոշման համակարգեր տեղադրվեն՝ մեծացնելու թափանցիկությունը և պատասխանատվությունը յուրաքանչյուր սահմանային միջադեպի համար»:

Ազդեցիկ կոնգրեսականը շեշտել է նաև, որ ագրեսիայի ակտերը պետք է հստակորեն դատապարտվեն: «Որքան արագ վարչակազմը կարողանա օգնել սրա իրականացմանը, այնքան արագ կկարողանա նպաստել սպանություններին վերջ տալուն և պատերազմից խուսափելուն», - հայտարարել է Ռոյսը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է Կոնգրեսի հանձնաժողովի ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վրա ուշադրություն հրավիրելուն և բռնություններին վերջ տալու կոնկրետ քայլեր իրականացնելուն:

Կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Ինգըլի նախաձեռնությունը, հիշեցնենք, վայելում է ութ տասնյակից ավելի կոնգրեսականների աջակցությունը և արժանացել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հավանությանը: Նախաձեռնությանը աջակցություն են հայտնել ԵԱՀԿ-ը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Միայն Ադրբեջանն է ընդդիմանում առաջարկվող քայլերի իրականացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG