Մատչելիության հղումներ

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվել է Սուրբ Ծննդյան Պատարագ և կատարվել է Ջրօրհնեք:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ մատուցվեց Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ, որին, հարյուրավոր հավատացյալներից բացի, ներկա էին նաև հանրապետության նախագահը, խորհրդարանի նախագահը, վարչապետը, նախարարներ, դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին ուղղված իր այսօրվա քարոզի ընթացքում ասաց․- «Բեթղեհեմի մսուրում ծնվեց Քրիստոս և Փրկչի աշխարհ գալով՝ սկսվեց ճանապարհը Աստծո հետ հաշտության, մեղքի պատճառով նրանից հեռացած մարդկության դարձի ու փրկության ճանապարհը: Իր որդու մարդեղության խորհրդով Աստված մարդկանց ժառանգորդ դարձրեց երկնից արքայության»:

Փրկչի ծննդյան և Աստվածհայտնության տոնակատարությունների առաջին հիշատակությունները սկսվում են 3-րդ դարից: Ուշագրավ է, որ արևելյան քրիստոնեական եկեղեցիները մինչև 4-րդ դարը Քրիստոսի ծննդյան տոնը կապել են Աստվածհայտնության, այսինքն մկրտության տոնի հետ, որը նշվել է հունվարի 6-ին: Բայց 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես սահմանել է Հիսուս Քրիստոսի ծննդյան օր՝ այսպիսով հնուց ի վեր հենց այդ օրը տոնվող Միտրայի տոնակատարությունները ժողովրդի համար վերածելով նոր կրոնական իրադարձության:

451 թվականին Քաղկեդոնի ժողովը վերջնականապես դեկտեմբերի 25-ը սահմանեց Փրկչի ծննդյան տոն: Եվ այդ ժամանակներից ի վեր միայն Հայ առաքելական եկեղեցին է, որ շարունակում է հունվարի 6-ին նշել Ծննդյան տոնը: Իսկ Փրկչի մկրտության տոնը, որը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից, կաթոլիկ եկեղեցին էլ շարունակում է նշել հունվարի 6-ին:

XS
SM
MD
LG