Մատչելիության հղումներ

Հանրապետությում խոզի գրիպ վիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը հասել է 27-ի


Առողջապահության նախարարը կառավարությունում՝ խորհրդակցության ժամանակ, 5-ը հունվարի, 2016թ.
Առողջապահության նախարարը կառավարությունում՝ խորհրդակցության ժամանակ, 5-ը հունվարի, 2016թ.

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով, համաճարակի մասին դեռ վաղ է խոսել:

Հանրապետությում այս օրերին H1N1՝ խոզի գրիպ վիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը հասել է 27-ի: Այդ մասին այսօր հայտնել է առողջապահության նախարարը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Գրիպի բարդացման հետևանքով տոնական օրերին նաև մահվան դեպքեր են գրանցվել։

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով, սուր շնչառական հիվանդություննների աճ թեև կա, սակայն համաճարակի մասին դեռ վաղ է խոսել։ «Որևիցե ծանր դեպք մենք այս պահին չունենք. մեկ դեպք ունենք հղիության պաթոլոգիայի հետ կապված։ Այս պահին հիվանդի վիճակը դեպի լավն է գնում: Բոլոր դեպքերի հետ կապված կազմակերպված աշխատանքները օրեկան երկու անգամ ամփոփվում են, համաճարակային վիճակը վերահսկելի է, մենք չունենք բռնկման խնդիր», - ասաց նախարարը:

Մուրադյանը պնդեց, որ հիվանդանոցներում անհրաժեշտ պարագաներն ու դեղորայքն առկա են: Նա հորդորեց ինքնաբուժությամբ չզբաղվել ու բժշկի դիմել։

Մինչդեռ հիվանդանոցներում հերթեր են։ «Ազատության» հետ զրույցում ծնողները դժգոհում էին՝ նշելով, որ տոն օրերին շատ դռներ իրենց առաջ փակ են եղել։ «Բազմաթիվ հիվանդանոցներ զանգահարեցինք, բոլոր տեղերը լաբորատորիաները փակ էին, չէին աշխատում, ու երեխայի անալիզները ստուգել հնարավոր չէր ուղղակի։ Ասացին՝ ամսի 8-9-ից հետո նոր հնարավոր կլինի։ Ինքս ծանոթներ ունեմ, ում հետ խոսում եմ, ասում են, որ երեխաները անընդհատ ջերմում են, ոչ մի կերպ չեն կարողանում իջեցնել ջերմությունը երեխաների: Տարածված է, ինչպես հասկանում եմ, քաղաքում շատ տարածված հիվանդություններ կան», - ասաց Մարգարիտա Շարիմանյանը:

Դավիթ Սանասարյանն էլ իր հերթին նշեց . - «Տեղ չկար: Մեր երեխան միջանցքում է կաթիլայինները ստացել: Այ տենց վատ վիճակ էր, այնքան վիրուսակիրներ կային հիվանդանոցում»:

«Մուրացան» բժշկական կենտրոնում այսօր էլ մարդաշատ էր։ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի հերթապահ բժշկուհի Սաթենիկ Բադալյանի խոսքով, առավոտից արդեն 40 երեխայի են զննել։ «Այս օրերի ընթացքում դիմելիությունը բարձր է վիրուսների հետ կապված, մեկ երկու օրվա ջերմող երեխաներն են դիմում, ծնողները ավելի վախեցած են, այդ իսկ պատճառով նույն հիվանդը կարող է 2-3 անգամ դիմել՝ չսպասելով, որ նշանակված կուրսը, թերապիան ստանան», - ասաց Բադալյանը:

Հարությունյանները Էջմիածնից ամեն օր փոքրիկներին Երևան են բերում՝ սրսկումների համար։ Նաև այցելության են գալիս եղբոր երեխային, ով մի քանի օր է հիվանդանոցում է։ Ասում են, որ պաշտոնական հավաստիացումներին չեն հավատում. - «Համաճարակ է, դե ինչ-որ վարակովի վիրուս է՝ մեկը մյուսին փոխանցվող»։

Բժիշկները, սակայն, նախարարի նման խուսափում են խոսել համաճարակի մասին։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Զոհրապ Խանիկյանի խոսքով, հիվանդանոցներում կուտակումները հիմնականում պայմանավորված են նրանով, որ պոլիկլինիկաները տոնական օրերին չեն աշխատում։

«Պոլիկլինիկաները եղել են հանգստի մեջ, և մի՞գուցե դիմողների քանակը շատացել է՝ մտածելով, որ եթե չկա պոլիկլինիկան, պետք է դիմել հիվանդանոց: Իսկ համաճարակ մենք իրավունք չունենք ասելու», - ասաց Խանիկյանը:

Ավելի վաղ նախարարությունը հաղորդել էր, որ սուր շնչառական հիվանդությունների աճի պատճառով պոլիկլինիկաներում հերթապահություն է սահմանվելու անգամ տոնական օրերին։ Այսօր, սակայն, մեր այցելած պոլիկլինիկաներում այդպես էլ բժշկի չհանդիպեցինք, դռները փակ էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG