Մատչելիության հղումներ

Հանրապետությունում գրանցվել է H1N1 վիրուսային հիվանդության 27 դեպք


Լուսանկարը՝ Հայաստանիկառավարության

Լուսանկարը՝ Հայաստանիկառավարության

Առողջապահության նախարարի խոսքով, բոլոր հիվանդները գտնվում են ուժեղացված հսկողության ներքո:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է հանրապետությունում համաճարակաբանական վիճակը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախարարը զեկուցել է, որ առողջապահական համակարգն աշխատել է արտակարգ ռեժիմով և առաջիկա օրերին նույնպես շարունակելու է գործել այդպես:

Ըստ կառավարության հաղորդագրության, Մուրադյանը տեղեկացրել է, որ նշված օրերին գրանցվել է 350-ից ավելի սուր շնչառական հիվանդության դեպք, որոնցից 67-ը՝ թոքաբորբով, իսկ օրական արձանագրվել է 800-ից ավելի շտապօգնության կանչ:

Միաժամանակ, զեկուցվել է, որ հանրապետությունում գրանցվել է H1N1 վիրուսային հիվանդության 27 դեպք. բոլոր հիվանդները գտնվում են ուժեղացված հսկողության ներքո: Տվյալ վիրուսը կանխարգելելու նպատակով պատվաստվել են հանրապետության բոլոր խոցելի խմբերը:

Նախարարը նաև նշել է, որ հանրապետությունում վերջին օրերի ընթացքում սուր շնչառական խնդիրներով հոսպիտալացվել է 24 հղի կին, որոնցից 5-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ:

«Նրանցից երկուսը ներկայում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և նրանց վիճակը ևս աստիճանաբար բարելավվում է: Ցավոք, գրանցվել է թոքաբորբով հիվանդ մեկ հղի կնոջ մահվան դեպք, ինչը պայմանավորված է եղել հիվանդության կտրուկ սրմամբ և բժիշկներին ուշ դիմելու հանգամանքով: Դեպքի առնչությամբ պատրաստվում են քննչական նյութեր», - կառավարության փոխանցմամբ, ասել է Մուրադյանը՝ նշելով, որ բոլոր հիվանդների վիճակն ուժեղացված կերպով վերահսկվում է:

Նախարարն ընդգծել է, որ հանրապետությունում համաճարակաբանական վիճակը միանգամայն վերահսկելի է և կառավարելի, բոլոր բուժհիմնարկները համալրված են անհրաժեշտ դեղորայքով:

Մուրադյանի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ արձագանքման աշխատանքային խումբ, որն օրական երկու անգամ խորհրդակցություն է անցկացնում և քննարկում իրավիճակը՝ բոլոր խնդիրներին շուտափույթ արձագանքելու նպատակով:

Վարչապետը հետաքրքրվել է նաև զորամասերում առկա իրավիճակով, մասնավորապես, զինծառայողների առողջությամբ: Զեկուցվել է, որ զորամասերում հիվանդությունների հետ կապված որևէ ծանր դեպք չի գրանցվել, արձանագրվել է թոքաբորբի 9 դեպք: Բոլոր հիվանդները գտնվում են անհրաժեշտ հսկողության ներքո:

Վարչապետը հանձնարարել է առողջապահության նախարարին հետևողականորեն շարունակել աշխատանքը և շրջայցերը բժշկական հաստատություններ, իրավիճակը պահել իր անմիջական ուշադրության կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG