Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը դատապարտել է դեկտեմբերի 31-ին «Նոր Հայաստան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ տեղի ունեցածը և կոչ արել անհապաղ ազատ արձակել ակտիվիստին:

ՀԱԿ-ի հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Դեկտեմբերի 31-ին ոստիկանությունը հարձակվել է Ազատության հրապարակում Նոր տարին դիմավորելու հանդիսություն կազմակերպած «Նոր Հայաստան»-ի ակտիվիստների վրա։ Ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված չորս ակտիվիստներից Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է, ապա դատարանի վճռով նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը։

Ոստիկանները խոչընդոտելով իրենց ամանորյա տոնը Ազատության հրապարակում նշել ցանկացող քաղաքացիներին, նաև բռնություններ են գործադրել նրանց նկատմամբ։ Բռնության թիրախներից մեկն էլ եղել է հենց Գևորգ Սաֆարյանը։ Սերժ Սարգսյանի՝ նոր Սահմանադրությամբ խոստացած «անաչառ դատարանը», անտեսելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները, շուռ է տվել գործը՝ իրական տուժողին դարձնելով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրող, իսկ բռնություն գործադրած ոստիկանին՝ տուժող։ Առանց որևէ հիմքի ներկայացված սույն մեղադրանքով ընդունած կալանավորման որոշումն էլ դատավորը հրաժարվել է տրամադրել փաստաբանին։

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ կատարված հերթական այս ոտնձգության փաստը, պահանջում անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին՝ նրա նկատմամբ իրականացվածը համարելով քաղաքական հետապնդում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG