Մատչելիության հղումներ

Սյունիքում ձյան ու ճանապարհների անանցանելիության պատճառով տասնյակ մեքենաներ հայտնվել են խցանման մեջ


ՏԿԱԻՆ-ից տեղեկացնում են, որ «նման ինտենսիվությամբ ձյան տեսքով տեղումներ հանրապետությունում վերջին տարիներին չէին գրանցվել»:

Սյունիքում տեղացող առատ ձյան ու ճանապարհների անանցանելիության պատճառով մեկ մարդ զոհվել է, տասնյակ մեքենաներ հայտնվել խցանման մեջ:

Ոստիկանությունը հաղորդեց, որ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում հայտնաբերվել է հանդամասի գոմերի 48 ամյա պահակի դին, ով նախորդ օրը գնացել էր սնունդ բերելու ու չէր վերադարձել: Փրկարարներն ու ոստիկանները վատ տեսանելիության պատճառով դադարեցրել էին որոնողական աշխատանքները:

Ձնաբքի հետևանքով այսօր վաղ առավոտից փակ էր Գորիս-Սիսիան ավտոճանապարհը: Կապանից Երևան շտապողներին պետավտոտեսչության ու փրկարար ծառայության աշխատակիցները հորդորում էին հետ վերադառնալ: Ուղևորների շարքում նաև կանայք ու երեխաներ կային:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վաղ առավոտից ճանապարհները մաքրում են, բայց չդադարող քամին ձյունը կրկին լանջերից լցնում է ճանապարհներին:

Նա հորդորեց` հետ վերադառնալ, ռիսկի չդիմել: Արդեն կեսօրին ՏԿԱԻՆ-ից փոխանցեցին, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին միակողմանի երթևեկությունը վերականգնված է, բայց մեկ գիծ է հաջողվել բացել` Երևանից-Գորիս և հակառակ ուղղությամբ գնացող մեքենաները երթևեկում են հերթով:

«Նման տևողության և հատկապես նման ինտենսիվության ձյան տեսքով տեղումներ հանրապետությունում վերջին տարինեին չէին գրանցվել: Մի շարք մարզերում ավտոճանապարհներին առկա է բուք: Բոլոր ուղղություններով մաքրման աշխատանքները չեն դադարեցվել, և եթե մոտ ժամերին եղանակային անակնկալներ չլինեն, բոլոր ուղղությունները ամբողջությամբ կգործեն», - ասաց Խանգելդյանը:

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը ևս երթևեկելի է միակողմանի, առավել դժվարանցանելի է Կապան-Գորիս ավտոճանապարհը, այս հատվածում նաև տեսանելության խնդիր կա:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հաղորդում են, որ շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհահատվածներն ու Վարդենյաց լեռնանցքը:

XS
SM
MD
LG