Մատչելիության հղումներ

Bellingcat. Մալայզիական օդանավը ռուսաստանցի զինծառայողներն են ոչնչացրել


Ավստրալացի և հոլանդացի քննիչները հետազոտում են կործանված մալայզիական օդանավի բեկորները, Հրաբովո գյուղ, 1-ը օգոստոսի, 2014թ.

Ավստրալացի և հոլանդացի քննիչները հետազոտում են կործանված մալայզիական օդանավի բեկորները, Հրաբովո գյուղ, 1-ը օգոստոսի, 2014թ.

Բրիտանիայում գործող Bellingcat վերլուծական կենտրոնը կազմել է նոր զեկույց, որի համաձայն, 2014 թվականի հուլիսի 17-ին Ամստերդամ-Կուալա Լումպուր MH17 չվերթը կատարող մալայզիական «Բոինգ»-ը Արևելյան Ուկրաինայի օդային տարածքում «Բուկ» տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռով վայր գցելու գործողությանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի առնվազն 20 զինծառայող։

Այդ ահաբեկչական գրոհի հետևանքով սպանվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները` 298 մարդ։

Քաղաքացիական լրագրության սկզբունքով աշխատող Bellingcat կենտրոնը գործ ունի միայն բաց և հանրությանը մատչելի տեղեկությունների հետ, մասնավորապես, վերլուծում է ինտերնետում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում տեղադրված լուսանկարները, տեսագրությունները, մամուլում հրապարակված հոդվածները, հարցազրույցները և բացահայտում է սուտը։

Նախկինում Bellingcat-ն արդեն մի քանի անգամ ապացուցել է, որ «Բոինգի» ոչնչացման հարցում ռուսների հետքը թաքցնելու նպատակով Մոսկվան ներկայացրել է համակարգչային տեխնոլոգիաներով խմբագրած լուսանկարներ, որոնք, իբրև թե, արվել են ռուսական ռազմական արբանյակներով։

Եվ կամ ռուսները ֆոտոշոփի ծրագրին լավ չեն տիրապետել, կամ էլ պարզապես շատ են շտապել, ու Bellingcat-ն ապացուցել է, որ ռուս վայ-մասնագետներն ընդամենը Google Earth կայքից վերցրել են լուսանկարներ, մի տեղ ամպ են ավելացրել, մի տեղ այն ջնջել են, միայն թե «Բոինգի» համար մեղքը բարդեն ուկրաինացիների վրա։

Մինչդեռ, Bellingcat-ն այս ընթացքում շարունակել է հետազոտությունը և առաջիկայում հրապարակելու է 123-էջանոց զեկույցի նոր տարբերակը։

«Մենք արդեն ունենք 2014 թվականի հունիսին «Բուկ» համակարգը Ռուսաստանի տարածքից Դոնբաս հասցրած ռուսաստանցի զինծառայողների, նրանց հրամանատարների և այդ հրամանատարների վերադասի անունները և լուսանկարները», - հունվարի 3-ին Telegraph-ին ասել է Bellingcat-ի հիմնադիր և ղեկավար Էլիոթ Հիգինսը։

Վերլուծական կենտրոնի նախորդ զեկույցում նշվում է, որ «Բուկ» հակաօդային պաշտպանության կայանքը 2014 թվականի հուլիսի 17-ին` «Բոինգը» վայր գցելու օրը, անցել է ռուս անջատականների կողմից հսկվող տարածքով։

Ռազմական շարասյունը կայանքը Դոնբաս է հասցրել Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում տեղակայված 53-րդ հակաօդային բրիգադից, որը 2014 թվականի ամռանը զորավարժություններ է անցկացրել Ուկրաինայի սահմանի մոտ։

Հիգինսի խոսքով, «Բուկ» հրթիռը «Բոինգի» ուղղությամբ արձակելու գործողության հետ առնչություն ունի 20-ից 100 զինծառայող։ Այս պահին հայտնի են նրանցից 20-ի տվյալները։

«Այդ 20 զինծառայողները կամ արձակել են հրթիռը, կամ, առնվազն, գիտեն, թե ով է արձակել», - ասել է Հիգինսը NOS հոլանդական հեռուստակայանին։

Հոլանդացի քննիչները երեկ ասել են, որ Bellingcat-ի լրամշակված զեկույցը ստացել են անցյալ տարվա դեկտեմբերի վերջին` սուրբծննդյան տոներից հետո։

«Մենք լրջորեն քննարկելու ենք զեկույցը և պետք է որոշենք, թե արդյո՞ք այն կօգտագործենք հետաքննությունում», - ասել է Նիդերլանդների դատախազության խոսնակ Վիմ դե Բրյումը։

XS
SM
MD
LG