Մատչելիության հղումներ

Սաֆարյանի պաշտպանին չի հաջողվում հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնել


Գևորգ Սաֆարյան, արխիվ

Գևորգ Սաֆարյան, արխիվ

«Նոր Հայաստան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարում է, որ արդեն չորրորդ օրն է իրեն չի հաջողվում հանցագործության մասին հաղորդումն ուղարկել Գլխավոր դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն և Քննչական կոմիտե:

«2016 թվականի հունվարի 4-ին հանցագործության մասին հաղորդումներ են պատրաստել նաև հունվարի 1-ին Ազատության հրապարակում ծեծված մի խումբ քաղաքացիներ: Այս հաղորդումները ևս հնարավոր չէ ներկայացնել իրավապահ մարմիններին: Նշված մարմինների ինտերնետային կայքերում նշված հեռախոսահամարները չեն պատասխանում: Այդ կառույցների դռները փակ են: Գլխավոր դատախազության շենքը հսկող ոստիկանները հրաժարվեցին վերցնել հաղորդումները՝ պատճառաբանելով, որ դատախազությունում չկա որևէ հերթապահ դատախազ, քանի որ դատախազությունը ընդհանրապես չի աշխատում, իսկ իրենք իրավասություն չունեն վերցնելու որևէ փաստաթուղթ», - ասված է փաստաբանի հայտարարությունում:

Նա նշել է, որ «նման իրավիճակը հակասում է Հայաստանի քրեական դատավարության օրենսդրությանը, քանի որ հանցագործության մասին հաղորդումները քննվում են անհապաղ և անհապաղ ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ բացահայտելու համար հանցագործության հետքերը և այն կատարողներին»:

«Ավելին՝ դատախազությունը վերահսկողություն է իրականացնում քրեական գործի ընթացքի նկատմամբ: Ստացվում է, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը դատախազական վերահսկողության չի ենթարվել: Այսինքն չեն ստուգվել քրեական գործ հարուցելու, մեղադրյալ ներգրավելու և կալանավորումը խափանման միջոց ընտրելու որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը: Ստիպված եմ հանցագործության մասին հաղորդումները ուղարկել նրանց կայքերին և հրապարակել մամուլում, որպեսզի որևէ պատկան մարմին ընթացք տա դրանց», - հայտարարում է փաստաբանը:

Ամանորի գիշերը, հիշեցնենք, Ազատության հրապարակում ընդդիմադիր «Նոր Հայաստան»-ի անդամների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանն ու 4 ակտիվիստներ բերման ենթարկվեցին ոստիկանություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Սաֆարյանին ձերբակալեցին, մնացածին ազատ արձակեցին։

Հունվարի 3-ին Գևորգ Սաֆարյանին մեղադրանք առաջադրվեց, նա երկու ամսով կալանավորվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG