Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացմամբ». Կարասին


Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին

«Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացմամբ և հակամարտող կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- «Ինտերֆաքս»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Վերջին ամիսներին մենք ականատեսը դարձանք ռազմական հակամարտության ակտիվացմանը, կիրառվեց ծանր հրետանի, խոշոր տրամաչափի գնդացիրներ, հրանոթային ռեակտիվ կայանքներ, ինչը հանգեցրեց զոհերի աճի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում: Այսպիսի իրավիճակը չի կարող չանհանգստացնել մեզ»,- ասել է Կարասինը՝ ընդգծելով.- «Հակամարտող կողմերը պետք է կրկնապատկեն ջանքերը կայուն խաղաղության հասնելու համար»:

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը հանդիսանում է հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը և ակտիվ ջանքեր է գործադրում օգնելու հակամարտ կողմերին հասնելու փոխզիջումների:

«Վերջին շրջանում խորհրդակցությունների շարք է տեղի ունեցել Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ու Հայաստանի գործընկերների միջև, որի ընթացքում դիտարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամբողջ համալիր հարցերը: Հուսով եմ, որ նոր տարին սկսվելուց հետո, շուտով այդ աշխատանքը կշարունակվի: Բնականաբար, առանց ուշադրության չի մնա և ռազմական իրավիճակը»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

«Ինտերֆաքս»-ը այս հարցազրույցը, որն ըստ էության հետխորհրդային տարածքի խնդիրների ու դրանց նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումների մասին է, հրապարակել է հունվարի 3-ին: Ղարաբաղից բացի Կարասինը անդրադարձել է ուկրաինական ճգնաժամին, Մերձդնեստրի խնդրի կարգավորմանը, Մոլդովայի իրավիճակին, մասնավորապես, գագաուզների խնդիրներին, ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հեռանկարին ու Կենտրոնական Ասիային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG