Մատչելիության հղումներ

Սիրիայում թուրքերի հիմնական գլխացավը քրդերի հարցն է. զեկույց


Քուրդ ժողովրդի պաշտպանության միավորման զինվորները պարզել են իրենց դրոշը թուրք-սիրիական սահմանին, արխիվ, 15 հունիսի, 2015թ.
Քուրդ ժողովրդի պաշտպանության միավորման զինվորները պարզել են իրենց դրոշը թուրք-սիրիական սահմանին, արխիվ, 15 հունիսի, 2015թ.

Միջազգային ճգնաժամային խումբը պատրաստել է զեկույց նոր մեկնարկած տարվա հիմնական ռազմական հակամարտությունների մասին, որոնք առկա են աշխարհի տարբեր մայրցամաքներում և 2016-ի ընթացքում կարող են էլ ավելի ընդարձակվել։

Հայաստանի անմիջական հարևան Թուրքիային սիրիական և իրաքյան արյունալի պատերազմը հետաքրքրում է նախևառաջ քրդերի խնդրի համատեքստում։ Բուն Թուրքիայի հարավ-արևելյան տարածքում Քրդստանի բանվորական կուսակցությունը 1980-ականների կեսին ապստամբություն է բարձրացրել։ Սպանվել է մոտ 30 հազար մարդ։

Թուրքիայում, Իրանում, Սիրիայում, Իրաքում և մասամբ Անդրկովկասում բնակվող քրդերն աշխարհի այն ազգերից են, որ կոմպակտ բնակվում են աշխարհագրական կոնկրետ տարածքում, սակայն պետություն չունեն։

Անկախության համար քրդերի մղած պայքարը թուրքերը մահացու վտանգ են համարում, նույնիսկ երբ այն ընթանում է Թուրքիայի սահմաններից դուրս։

Դրանից ելնելով էլ Անկարան Սիրիայում պատերազմ է մղում ոչ միայն և գուցե ոչ այնքան Բաշար ալ-Ասադի ռեժիմի կամ «Իսլամական պետության», որքան քրդական խմբավորումների դեմ։

Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Ժան Մարի Գեենոն նշում է, որ Սիրիայում քրդերի շահերի համար է պայքարում «Դեմոկրատական միություն» կուսակցությունը, որին աջակցում է Քրդական բանվորական կուսակցությունը և որն էական հաջողությունների է հասել «Իսլամական պետության դեմ զինված պայքարում։

Անկարայում ենթադրում են, որ եթե Սիրիայում քրդերի դիրքերն ամրապնդվեն, դա խթան կլինի նաև Թուրքիայի քրդերի անկախության պայքարի համար։ Քրդերից շատերն էլ համոզված են, որ թուրքերն իրականում սատարում են «Իսլամական պետությանը», քանի որ այդ ահաբեկչական կազմակերպությունը քրդերին թշնամի է համարում։

Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբանների համոզմամբ, Անկարան չի լուծի այդ հարցերը, եթե «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը չկարողանա լուրջ բարեփոխումներ, այդ թվում իշխանության ապակենտրոնացում և կրթությունը մայրենիով ստանալու հնարավորություն առաջարկել քրդերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG