Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Սուդանը խզեցին Իրանի հետ կապերը


Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեիրը լրագրողների հետ հանդիպմանը, 3-ը հունվարի, 2016թ.

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեիրը լրագրողների հետ հանդիպմանը, 3-ը հունվարի, 2016թ.

Միջազգային հանրությունն անհանգստացած է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման վտանգներով։

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ խզում է կապերը Իրանի հետ:

Երեկ երեկոյան Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեիրը Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը 48 ժամ հատկացրեց երկիրը լքելու համար։ Սաուդյան Արաբիան հետ է կանչել Իրանում հավատարմագրված իր դիվանագիտական բոլոր ներկայացուցիչներին: Արտաքին գործերի նախարարը երեկ երեկոյան հայտարարել է, որ Իրանից արդեն վերադարձել են դիվանագետները, մի մասը վերադառնալու ճանապարհին է:

Այսօր հայտնի դարձավ, որ նախ Բահրեյնը, ապա նաև Սուդանը, հետևելով Սաուդյան Արաբիայի օրինակին, հայտարարեցին, որ անհապաղ խզում են դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ:

Նախօրեին ցուցարարները բողոքել են Սաուդյան Արաբիայում շիա 56-ամյա ազդեցիկ հոգևորական Նիմր ալ-Նիմրին մահապատժի ենթարկելու պատճառով: Նա ձերբակալվել էր 2012 թվականին՝ «արաբական գարնանը» հաջորդած ներքաղաքական հուզումների ֆոնին: Շիաների շրջանում մեծ հեղինակություն վայելող հոգևորականի մահապատժից բորբոքված՝ ցուցարարները գրոհել էին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը, քարեր և մոլոտովյան կոկտեյլներ նետել: Դեսպանատան շենքի մի մասն այրվել էր:

«Մենք վճռական ենք տրամադրված, որպեսզի թույլ չտանք, որ Իրանը խարխլի մեր անվտանգությունը, ստեղծի կամ հաստատի ահաբեկչական օջախներ մեր կամ մեր դաշնակիցների երկրներում»,- հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը: Ալ-Ջուբեիրը Թեհրանին մեղադրել է նաև մաքսանենգ ճանապարհով զենք, պայթուցիկ տեղափոխելու մեջ։

«Իրանի ռեժիմը օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների նկատմամբ բռնությունների մեծ ցանկ ունի՝ սկսած 1979-ին ԱՄՆ դեսպանատան գրավումից»,- մեղադրանքների շարքը շարունակել է նախարարը։

Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Հոսեյն Ջաբեր Անսարին Սաուդյան Արաբիային մեղադրել է «տարածաշրջանում բախումների և լարվածության աճին նպաստելու մեջ»։

Մինչ այդ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիային սպասվում է «աստվածային հատուցում»:

Լիբանանյան «Հզբոլլահ» արմատական խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան Սաուդյան Արաբիային մեղադրել է մահմեդականների շրջանում քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձերի մեջ, հետնորդներին զգոնության կոչ է արել:

Շաբաթ օրը Սաուդյան Արաբիայում ահաբեկչության մեղադրանքով 47 անձանց շարքում շիա հոգևորականին մահապատժի ենթարկելու փաստի կապակցությամբ հոռետեսական գնահատականներով են հանդես գալիս տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաները: Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին նույնպես անհանգստություն է հայտնել, որ շիաների հոգևոր առաջնորդի մահապատիժը բացասական հետևանքներ կունենա տարածաշրջանի վրա:

Պաշտոնական Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել շիա հոգևորականի մահապատժի կապակցությամբ, Սաուդյան Արաբիայի իշխանությանը հորդորել է հարգանքով վերաբերվել ընդդիմության տեսակետներին: Միացյալ Նահանգներն անհանգստացած է Մերձավոր Արևելքում իրավիճակը սրելու կապակցությամբ, տեղեկացրել է Սպիտակ տան ներկայացուցիչը և փոխանցել Վաշինգտոնի հորդորը տարածաշրջանի ղեկավարներին՝ խելամիտ քայլերով խուսափել բարդություններից:

Լարվածության աճն անընդունելի է համարել նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Հաշտեցման կոչով է հանդես եկել նաև պաշտոնական Փարիզը:

XS
SM
MD
LG