Մատչելիության հղումներ

Լևոն Մնացականյան. Պաշտպանության բանակն ամեն օր պատրաստվում է պատերազմի


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյան, արխիվ

Քանի դեռ ստորագրված չէ վերջնական պայմանագիր, պատերազմի վերսկսման վտանգն իրական է, ընդգծում է Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Տարիներ շարունակ օգտագործելով Կասպյան ընդերքից ստացվող եկամուտները՝ Ադրբեջանը մեծ գումարներ էր ներդնում բանակի արդիականացման և սպառազինության ձեռք բերման նպատակով, «սակայն եթե ուշադրություն դարձնեք գնված միջոցներին, կտեսնեք, որ դրանց համարժեքն արդեն առկա է հայկական զինանոցում, և որևէ կերպ ուժերի հարաբերակցությունը չի փոխվել»: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում։

«Իսկ Ադրբեջանի նախագահի հոխորտանքները մի քանի նպատակ են հետապնդում. առաջինը քաղաքականն է, որով փորձ է արվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող միջազգային կառույցների վրա ճնշում գործադրել՝ առաջնագծում անընդհատ սադրիչ գործողություններ հրահրելով և իրենց անհանդուրժողականությունը ցուցադրելով իրերի ներկա վիճակի նկատմամբ: Երկրորդ՝ Ալիևը բարձրագոչ հայտարարություններով փորձում է ադրբեջանցիների մոտ ռևանշիստական տրամադրություններ պահպանել՝ չբացառելով հիմնախնդրի կարգավորման ռազմական տարբերակը: Եվ երրորդ՝ հայկական կողմի վրա բարոյահոգեբանական ազդեցություն թողնելը», - Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասել է Մնացականյանը։

«Քանի դեռ հակամարտող կողմերի միջև ստորագրված չէ զինադադարի հաստատման մասին վերջնական պայմանագիր, պատերազմի վերսկսման վտանգն իրական է: Պաշտպանության բանակն իր ամենօրյա գործունեության ընթացքում պատրաստվում է պատերազմի և հակազդող ու կանխարգելիչ գործողություններով ապահովում տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը: Որովհետև եթե խաղաղություն ես ցանկանում, միշտ պետք է պատերազմի պատրաստվես», - ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Նշելով, որ ադրբեջանական կողմի սադրիչ ու անհեռատես մարտավարության արդյունքում՝ լարվածությունը առաջնային գծում մեծացել է, գեներալ-լեյտենանտը շեշտել է. - «Իրավիճակի նման շարունակականության դեպքում, բացահայտ լայնածավալ գործողությունների հավանականությունը մեծ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG