Մատչելիության հղումներ

Պահանջների կատարմանը չեն հասել, փոխարենը «հետագա պայքարի համար են փորձ ձեռք բերել»։

Բաղրամյանի բազմահազարանոց ցույցեր, սահմանադրական փոփոխությունների դեմ պայքար։ 2015 թվականը քաղաքացիական ակտիվության տեսանկյունից հենց իրենք՝ տարբեր նախաձեռնությունների անդամները, աննախադեպ են որակում։

Հունիսին մի քանի օր շարունակ երկրի գլխավոր պողոտաներից մեկը փակած ակտիվիստները էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնելու պահանջը ամբողջ աշխարհին լսելի դարձրեցին։

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունից Մաքսիմ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում հավաստիացրեց, որ պայքարը կշարունակեն՝ հաշվի առնելով նաև նախկին սխալները․ - «Հետագայում համոզված եմ, որ արդեն այդ սխալները, փորձի պակասից եղած բացթողումները լրացնելով, ամեն հաջորդը շատ ավելի կայացած կլինի, ու մի օր կհասնենք վերջնանպատակին»:

Ակտիվիստը կարծում է, որ այս տարվա ցույցերից հետո շատ քաղաքացիներ նաև գիտակցեցին փողոցում պայքարելու արդյունավետությունը և դուրս եկան փողոց։ Եթե նման քաղաքացիների թիվը շատ լինի, ապա, Մաքսիմի կարծիքով, կփոխվեն նաև իշխանությունները․ - «Երբ ժողովուրդը, հասարակությունը ցույց տա, որ ինքը չի ենթարկվում, չի թույլ տալիս իրեն թալանել․․․ իրենք էլ արդեն ամեն քայլը, ամեն հաջորդ որոշում ու օրենքը ընդունելուց առաջ մի փոքր կմտածեն, թե ինչ հետևանքների կբերի դա իրենց համար»:

Նա հավելեց, որ իրենց պահանջները շարունակում են ուժի մեջ մնալ և 2016-ին կրկին փողոց դուրս կգան:

Տարվա մյուս ամենամարդաշատ շարժումը «Ոչ»-ն էր։ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը իր ցույցերը Գյումրիից սկսեց, հետո Երևանում և մարզերում հանդիպումներ եղան։ Հանրաքվեի օրը նաև դիտորդական առաքելություն իրականացրին:

Նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը, այդուհանդերձ, խոստովանում է, որ «Ոչ»-ի ձայները շատ տեղերում չեն կարողացել պահել․ - «Խնդիրը այն է, որ Հայաստանում դեռևս ժողովրդավարություն գոյություն չունի․ ավտորիտար համակարգ է՝ ընտրությունների կեղծման մեխանիզմներով, բռնություններով: Մի օր կհասնենք նրան, որ մենք իսկապես ընտրությունների միջոցով կկարողանանք ձևավորել իշխանություն: Եթե խոսում ենք անցած տարվա մասին, ապա հաջողություն կար, բայց դա վերջնական չէր»:

Մուսախանյանի կարծիքով, իրենց նախաձեռնության կարևոր ձեռքբերումներից մեկն է նաև «Ոչ»-ի շուրջը քաղաքական ուժերի միավորումը․ - «Ես կարծում եմ՝ այդ գործում շատ կարևոր դեր խաղացինք, վերջնականապես ջարդեցինք այդ տարանջատումը քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների միջև: Իսկապես հաջող նախընտրական քարոզարշավ ծավալեցինք կուսակցությունների հետ միասին»:

Այս տարի նաև ճնշումների ենթարկված ու խոչընդոտների բախված ակտիվիստները հավաստիացնում են, որ դա իրենց չի ընկճել․ հաջորդ տարի կկատարելագործեն պայքարի ձևերը:

XS
SM
MD
LG