Մատչելիության հղումներ

Ֆիննախը շարունակում է թանկարժեք գնումները Դիլիջանի ուսումնական կենտրոնի համար


Այս անգամ շուրջ 250 միլիոն դրամի կահույք է գնվել:

Ձեռք են բերվել յուրաքանչյուրը ավելի քան 2 միլիոն դրամ արժողությամբ բազմոցներ, շուրջ 700 հազար դրամ արժողությամբ բազկաթոռներ, յուրաքանչյուրը ավելի քան կես միլիոն դրամանոց աթոռներ և այլ տեսակի թանկարժեք կահույք:

Գնման պայմանագիրը առանց բաց մրցույթի կնքվել է «Վի ընդ բի սթայլ» ընկերության հետ, որը մեկ ամիս առաջ ուսումնական կենտրոնին 41 միլիոն դրամի խոհանոցային սպասք էր մատակարարել:

Կենտրոնի համար այս անգամ էլ առանց բաց մրցույթի շինարարական պատվեր է ստացել «Սահակյանշին» ընկերությունը, որն ավելի քան 160 միլիոն դրամով պետք է կառուցի 5 քոթեջների ճանապարհները:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը «Ազատության»-ը հայտնել էր, որ, ըստ իր ուսումնասիրությունների, կենտրոնի վրա արդեն ծախսվել է շուրջ 20 միլիարդ դրամ: Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարության առյուծի բաժինն իրականացրել է հենց «Սահակյանշին» ընկերությունը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը շուրջ մեկ ամիս առաջ կառավարության նիստում անդրադարձավ Դիլիջանի ուսումնական կենտրոնի համար իրականացվող շռայլ ծախսերի մասին հրապարակումներին՝ հայտարարելով, թե անիրատեսական գնումներ չեն իրականացվել․ - «Ապրանքները իրենք որակով ու գնով համապատասխանում են պահանջներին․․․ Գնումները իրականացվում են բացառապես օրենսդրությանը համապատասխան»:

Դիլիջանի ուսումնական կենտրոնը, ըստ Ֆինանսների նախարարության, ծառայելու է դասընթացների ու նախարարության աշխատակիցների վերապատրաստման համար: Կենտրոնի կառուցմանը հետևող փորձագետները, սակայն, պնդում են, թե կենտրոնն այնքան էլ ուսումնական չէ:

«Անբնական է, երբ ինչ-որ մի պետական մարմին իր համար նման կոմֆորտով ինչ-որ հանգստյան տուն է կառուցում, որի անունը դրվում է ուսումնական կենտրոն․․․ Մարդիկ պետական բյուջեից աշխատավարձ են ստանում, հարկատուների հաշվին աշխատավարձ են ստանում, մի հատ էլ հարկատուների հաշվին պիտի գնան իրենց հաճույքները վայելեն», - ասաց Հայկ Գևորգյանը:

Նշված գնումների զգալի մասն իրականացվել է առանց բաց մրցույթի, մինչդեռ, Գևորգյանի խոսքով, գնման այս մեթոդը, ըստ օրենքի, նախընտրելի չէ և կարող է կիրառվել հրատապ գնման, կամ այլընտրանքի բացակայության դեպքում․ - «Բանակցային գործընթացը զուտ իրենց ուզած ընկերությանը պատվեր իջեցնելու համար ձևական մի գործընթաց է: Ինչպե՞ս է ստացվել, որ Ֆինանսների նախարարությունը չգիտեր, որ տվյալ շինարարական աշխատանքը պիտի կատարվի ուսումնական կենտրոնում․․․ Պիտի մի քանի ամիս առաջ նախագծերը, նախահաշիվները բոլոր պատրաստ լինեն»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասում է, որ Դիլիջանի ուսումնական կենտրոնի վրա կատարված շռայլ ծախսերը կարող են արդարացված համարվել, եթե այն դառնա տարածաշրջանային ուսումնական կենտրոն: Այդ դեպքում էլ անգամ Հոկտանյանի համար ընդունելի չեն նման մեծ ծախսերը, երբ «երկիրն այս վիճակում է»:

Դիլիջանի ուսումնական կենտրոնը կառուցվում է 2011-ից և պետք է շահագործման հանձնվեր տարեվերջին, սակայն ֆինանսական միջոցների սակավության պատճառով կառավարությունը շահագործումը հետաձգեց մինչև 2016 թվականը:

XS
SM
MD
LG