Մատչելիության հղումներ

Հայկ Կյուրեղյանի փաստաբանները բողոք են ներկայացրել ՄԻԵԴ


Ոստիկանները ձերբակալում են Հայկ Կյուրեղյանին: 12-ը հունիսի, 2015թ․
Ոստիկանները ձերբակալում են Հայկ Կյուրեղյանին: 12-ը հունիսի, 2015թ․

Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը Եվրոպական դատարանին ուղղված փաստաթղթում պնդել են, որ ոստիկանները 32-ամյա երիտասարդի նկատմամբ բռնություններ են գործադրել:

Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարության մեկնարկին դատարանի բակում օդամղիչ ատրճանակից կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի փաստաբանները բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։

Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը Եվրոպական դատարանին ուղղված փաստաթղթում պնդել են, որ ոստիկանները 32-ամյա երիտասարդի նկատմամբ բռնություններ են գործադրել, մինչդեռ այդ ուղղությամբ արդյունավետ քննություն չի իրականացվել, որևէ մեկը այդպես էլ չի պատժվել։

«Հայկ Կյուրեղյանին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմացից ոստիկանները բռնում, տեղափոխում են ոստիկանության բաժին: Ոստիկանական ավտոմեքենա նրան տեղափոխելուց հետո ծեծի են ենթարկել նրան՝ ձեռնաշղթաներ հագցրած վիճակում, ապա ծեծը շարունակվել էր նաև ոստիկանության բաժնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը:

Այս մասին միջադեպից հետո հայտարարել էր Հայկը՝ պնդելով, թե բերման ենթարկելիս ոստիկաններն իրեն ծեծել են թե՛ ավտոմեքենայում, թե՛ արդեն ոստիկանական բաժանմունքում։

«Վնասվածքներն արձանագրել էր նաև դատաբժշկական փորձաքննությունը, այդուամենայնիվ, գործը հետագայում կարճվեց», - նշում է Վարոսյանը: - «Հիմնականում քննությունը սահմանափակվել էր ոստիկաններին հարցաքննելով, որոնք, բնականաբար, պիտի հերքեին: Այդ ցուցմունքներով ոստիկանները, ապա նաև Հատուկ քննչական ծառայության քննիչը եկել էին եզրահանգման, որ առկա մարմնական վնասվածքները արդյունք են նրա վնասազերծման, երբ ոստիկանները նրան ձերբակալում են դատարանի դիմաց, սայթաքում, վայր է ընկնում Հայկ Կյուրեղյանը․․․ Բոլոր վնասվածքները, ըստ Հատուկ քննչական ծառայության, պատճառվել էին հենց այդ ընթացքում»:

Վարոսյանը նշում է, որ երիտասարդի նկատմամբ բռնությունների մասին ահազանգել էին նաև ձերբակալությունից անմիջապես հետո նրան այցելած իրավապաշտպանները, սակայն դա էլ չէր ազդել նախաքննական մարմնի որոշման վրա․ - «Եվ այս ուղղությամբ որևէ քննություն այլևս Հատուկ քննչական ծառայությունը չէր կատարել»:

Իրավապաշտպան Ֆելիքս Հայրապետյանի հիշողության մեջ դեռևս թարմ են 2014-ի ամռանը տեղի ունեցած դեպքի մանրամասները: Նա պնդում է, որ կարիք չկար Հայկին վնասազերծել բռնությունների միջոցով․ - «Արդեն ինքը մեքենայի տանիքից սահել էր, ընկել էր, անմիջապես բռնեցին: Ոստիկանությունը ոչ մի ջանք էլ չգործադրեց: Բռնելուց հետո արդեն 5-6 հոգով հարձակվել էին նրա վրա և ձեռքերը ոլորած շղթայում էին և այդ շղթայելու ժամանակ էլ ներքևից ինչքան հնարավոր ա նրան ցավ էին պատճառում»:

Հայկ Կյուրեղյանի հայրը վերհիշում է անգամ, որ որդին առերեսման ժամանակ ճանաչել էր իր նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին։ Եվ հենց արդարադատության դեմ պայքարը շարունակելու համար Հայկը հայաստանյան դատարաններում այդպես էլ ոտքի չկանգնեց, հետո էլ մոտ մեկ ամիս հացադուլ հայտարարեց․ - «Չի կարելի նման դեպքերում լռել: Եթե մենք լռենք ու ասենք՝ միևնույն է, ոչ մի բան լինելու, ուրեմն դա նշանակում է, որ մենք համաձայն ենք ստրուկի կարգավիճակով ապրելուն»:

Բռնությունների մասին Կյուրեղյանի հայտարարությունից հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե իրեն պետք չեն խոշտանգող ոստիկաններ: Իսկ հարցին՝ այդպիսներից կազատվի՞, ոստիկանապետը պատասխանել էր․ - «Ինքս էլ դրա կողմնակիցն եմ, ի դեպ, որպեսզի ցանկացած դեպքով ծառայական քննություններ անցկացվի, նյութեր նախապատրաստվի, քրեական գործ հարուցվի, որ ձվի մեջ մազ ման չգան»։

Իրավապաշտպանները մինչդեռ չեն հիշում որևէ ոստիկանի, ով քրեական պատասխանատվության է ենթարկվել քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու համար։

XS
SM
MD
LG