Մատչելիության հղումներ

Կաթողիկե եկեղեցում ապաստանած սիրիահայերը ամանորին չեն նախապատրաստվում


Երևանի Կաթողիկե եկեղեցում ապաստանած սիրիահայ երեխաներ

Երևանի Կաթողիկե եկեղեցում ապաստանած սիրիահայ երեխաներ

Սիրիահայ երեխաներն էլ Կաղանդ պապից շատ բան չեն խնդրում, ընդամենը՝ հագուստ:

Սիրիական պատերազմի պատճառով Հայաստան եկած ու արդեն շուրջ չորս տարի Երևանի Կաթողիկե եկեղեցում ապաստանած մի խումբ սիրիահայ ընտանիքներ, ինչպես և նախորդ տարիներին, ամանորին չեն պատրաստվում։ Թեև տոնածառ զարդարել են, Կաղանդ պապիկն էլ երեխաներին հյուր է եկել, սակայն, սեղանները նախկինի նման առատ չեն։

Բոյաջյանների ընտանիքն ամիսներ առաջ է Հալեպից Հայաստան եկել։ Վարձակալած տան գումարը չեն կարողացել վճարել ու ստիպված են եղել տեղափոխվել եկեղեցու տարածք։ Արդեն 20 ընտանիքների հյուրընկալած եկեղեցին նորեկների համար սենյակ չուներ։ Բոյաջյանների երկու երեխաներն ու ամուսինները ստիպված տեղավորվել են լվացքատան մի անկյունում։ «Լվացարանի սենյակ է, որ լվացք կընեն, հոն դրին մեզ, մինչև որ լավանա, մեկը ելնե, տեղը կդնենք ձեզ։ Մեկ ամիս եղավ նույն վիճակի մեջ ենք, բաղնիք կա, բայց լոգանքի բաղնիք չունինք, ուրիշի մոտ պիտի մտնանք լողնանք ամեն ատեն»։

Ընտանիքի մայրը՝ Քեթրինը նոր կացարանում տոնական կերակուրներ պատրաստելու հնարավորություն չունի։ Կարոտով է հիշում Հալեպում բացած իրենց սեղանները։ «Քյուֆտա կընեինք, կտապկեինք, սարմա կփաթթեինք, զեյթով սարմա, սիսեռով չքյուտե կսենք մենք, չքոֆտե կդնեինք, բիբերով բանով, թաբուլե, հումմուս։ Դժբախտաբար հոս ոչ մի բան կրնամ ընել»,- վերհիշում է տիկին Քեթրինը։

Ընտանիքի հայրը՝ Վարդան Բոյաջյանը հիվանդություն պատճառով աշխատել չի կարողանում։ Թանկարժեք դեղերի համար ևս գումար չունեն։ Օգնության խնդրանքով դիմել են սփյուռքի նախարարությանն ու բարեգործական կազմակերպություններին, սակայն աջակցություն չեն ստացել։ «Երեք տեսակ վտանգավոր հիվանդ եմ, նախարարություն գացի, խոսեցա ես և տիկինս, նախարարությունն ըսավ 100 հազար դոլար է, չենք կրնա օգտակար ըլլալ, ասեցին կրնաս՝ գնա Եվրոպա, Եվրոպա որ գնամ, ինձի համար ավելի լավ է, որ բուժվիմ»։

Եվրոպա մեկնելու համար ընտանիքն անհրաժեշտ փաստաթղթեր և գումար չունի։ Ստիպված են որպես փախստական ապաստան խնդրել ու նորից ճամպրուկներ հավաքել։ «Աստեղեն Բեյրութ կերթամ, Բեյրութեն Թուրքիա, Թուրքիայեն Հունաստան, ինչպես որ տաջիկները կընեն, մուսուլմանները կփախնեն որպես փախստական՝ Եվրոպա, աս ճամփան պիտի գտնամ, բան մը պիտի գտնամ»,- շարունակում է Վարդան Բոյաջյանը։

7-8 տարեկան երեխաները միջոցների սղության պատճառով դպրոց չեն գնում, բայց Կաղանդ պապիկին նամակ են գրել: «Գրել եմ՝ հաճիս ընձի հագուստ կբերես, Կաղանդ պապիկին»,- ասում է երեխաներից մեկը:

75-ամյա Պերճուհի Առաքելյանն արդեն ստացել է նվերը՝ ռադիոընդունիչ՝ լրագրողներից։ Ասում է՝ իր մենակ օրերի ընկերն է դարձել։ Արդեն երեք տարի է՝ հինգ զավակներն ու 12 թոռներն իրենից հեռու են։ Նրանց հետ զրուցելու հնարավորություն հազվադեպ է ունենում։ «Երեք տղաքս Հոլանդ են, մեծ տղաս Սուրիա է, աղջիկս Գերմանիա գնաց: Լմման զավակեն զրկված մնացի, առանձին եմ... դժվար է...»:

Նախկինում բարեկեցիկ կյանքով ապրած կինը հիշում է, թե տոն օրերին ամուսինն ինչպես էր աղքատներին նվերներ բաժանում։ «Ամեն կաղանդին 20 թիթեղ ձեթ, մաքուր ձեթ, ով որ վիճակը տկար էր՝ կբաժներ։ Ազգականներով 20-25 հոգի կըլլայինք կաղանդին»։

Առաջիկա տոների մասին շենքում միայն ընդհանուր խոհանոցն էր հիշեցնում՝ միջանցքով մեկ տարածված համեմունքների հոտով։ Սիրիահայ կանայք կեռասի հյութով կերակուր, պասուց տոլմա ու փախլավա էին պատրաստում։ Բայց հիմնականում՝ վաճառելու համար։

XS
SM
MD
LG