Մատչելիության հղումներ

Կվիրիկաշվիլի. «Մենք կարծես գլադիատորներ լինենք»


Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի

Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի

Այսօր առավոտյան Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իր հրամանագրով Գիորգի Կվիրիկաշվիլիին նշանակեց վարչապետի պաշտոնում: Վրացական խորհրդարանը Կվիրիկաշվիլիին քվեների 86 կողմ, 28 դեմ հարաբերակցությամբ վարչապետի պաշտոնում հաստատել էր դեռ երեկ ուշ երեկոյան` մոտ հինգ ժամ տևած բուռն քննարկումներից հետո:

Վրացական լրատվամիջոցները նկատում են, որ ի տարբերություն իր նախորդի` Իրակլի Ղարիբաշվիլիի, նորանշանակ վարչապետը շատ ավելի հանգիստ էր պատասխանում նույնիսկ ամենակոշտ ձևակերպված հարցերին:

«Երբեմն ես տպավորություն եմ ստանում, որ մենք բոլորս կարծես գլադիատորներ լինենք, կարծես մասնակցում ենք մի մեծ ներկայացման, որը մեր քաղաքացիներն ամեն երեկո հեռուստացույցով դիտում են: Ես դա այնքան էլ ճիշտ չեմ համարում: Իմ համոզմամբ՝ մեր գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի հասարակության մեջ հանգստության, կայունության զգացման վերահաստատումը, հանրության քաղաքականացման մակարդակի նվազեցումը»,- հայտարարում էր Վրաստանի վարչապետը:

Կվիրիկաշվիլին նաև անկեղծորեն խոստովանում էր, որ Վրաստանում իրավիճակը այնքան էլ բարվոք չէ:

«Իրոք բավական դժվարին իրավիճակ է ստեղծվել երկրում, և դա կառավարության փոփոխության գլխավոր պատճառներից մեկն էր»,- հայտարարում էր Կվիրիկաշվիլին` մեկ անգամ ևս համոզմունք հայտնելով, որ այս փուլում կառավարության կազմում լուրջ փոփոխությունների կարիք չկա:

Նոր կառավարության կազմը մնացել է անփոփոխ: Պաշտոններից չեն զրկվել անգամ ընդդիմության խիստ քննադատության թիրախ դարձած նախարարները, ինչպես, օրինակ, հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության գծով նախարար Պաատա Զաքարեիշվիլին, ում վրաց ազգայնականները հաճախ են մեղադրում ռուսամետ դիրքորոշման համար: Զաքարեիշվիլիի ամենաաղմկալի հայտարարություններից մեկն այն պնդումն էր, թե աբխազական երկաթուղու վերաբացումը ձեռնտու է նախևառաջ վրացական կողմին:

«Պարոն Պաատան մի շարք հետաքրքական գաղափարներ է առաջ քաշել, և դրանք հարկավոր է լրջորեն քննարկել: Ինչ վերաբերում է Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրին, ապա մեր իշխանությունը շատ լուրջ պարտավորություն ունի ստանձնած` ավարտին հասցնել հաշտեցման գործընթացը: Մենք շարունակելու ենք պրագմատիկ քաղաքականություն իրականացնել թե՛ Ռուսաստանի, թե՛ գրավյալ տարածքների հարցում: Բացի այդ՝ ես կարծում եմ, որ մենք չպետք է անտեսենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` վրացիներին ուղղված խորհուրդը` ուղղակի երկխոսության մեջ մտնել աբխազների և օսերի հետ»,- նշում էր Կվիրիկաշվիլին:

Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, համոզված են` նորանշանակ վարչապետը ի վիճակի չէ ինքնուրույն քաղաքականություն իրականացնել: Վարչապետի հաստատումից հետո ընդդիմադիր առաջատար կուսակցությունը՝ «Ազգային միացյալ շարժում»-ը ներկայացնող պատգամավոր Ակակի Մինաշվիլին նշում էր.- «Նորանշանակ վարչապետը չունի իր սեփական մոտեցումները, իր սեփական կամքը: Երեք տարի շարունակ երկիրը ղեկավարում էր Բիձինա Իվանիշվիլին, և հետագայում այդպես էլ կշարունակվի»։

Այսօր կեսօրին Վրաստանի կառավարությունը իր առաջին նիստը գումարեց Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG