Մատչելիության հղումներ

Հայրիկյանը «գիտականորեն ապացուցում է», որ սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծվել են


Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդը իր պատվերով անցկացված սոցհարցման արդյունքները ներկայացրեց Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում:

«Երկու հազար հարցվողներից «այո»՝ 21.78 տոկոսը, 435 մարդ, «ոչ»՝ 45.47 տոկոսը, 908 մարդ», - հավաքվածներին փոխանցեց Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ հարցումներն իրականացվել են Հայաստանի 20 քաղաքներում և ավելի քան 50 գյուղերում պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Որոշ բնակավայրերում Հայրիկյանն անձամբ է հետևել հարցման ընթացքին․ - «Քաղաքակրթության ամբողջ զարգացումը ընդամենը ակնհայտ երևույթներին բացատրություն և ապացույցներ տալ է եղել, ոչ ավելին․․․ Այն, ինչ թվում է անառարկելի և ընդունելի, անգամ դա պահանջում է, որ դու ապացուցես: Այո, մենք, բոլոր հայերս գիտենք, որ ընտրությունները կեղծվեցին, աշխարհն էլ գիտի, բայց այս չարիքը, այս կեղտը կանխելու համար մեզ պետք էր գիտական հիմնավորում: Մեր որոնումները մեզ հանգեցրին նրան, որ մենք որոշեցինք աննախադեպ մի բան կատարել»:

ԱԻՄ առաջնորդը գտնում է, որ կեղծարարության հիմնական պատասխանատուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է: Իրենց անցկացրած հարցման արդյունքները, Հայրիկյանի համոզմամբ, Տիգրան Մուկուչյանի գլխավորած կառույցը պատասխանատվության ենթարկելու, նաև հանրաքվեն չեղյալ համարելու հիմք կարող են հանդիսանալ․ - «Եթե մենք թույլ տանք, որ մեր ժողովրդին պարտադրվի այս «սահմանադրությունը», դա կնշանակի, որ մենք մեր ճակատին գրում ենք՝ աշխարհի ամենափչացած, ամենացածր որակի ազգ․․․ Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ այդպիսի բան կատարվի»:

Պարույր Հայրիկյանը ընդդիմադիր կուսակցություններին հորդորեց միանալ իր նախաձեռնությանը և հունվարի 7-ին հրավիրեց ԱԻՄ գրասենյակ՝ հրապարակային քննարկման․ - «Առաջարկում ենք բոլոր նրանց, ովքեր ազնվորեն կողմ են այս պայքարը մինչև վերջ տանելուն, և ոչ թե դա իրենց համար ներկայացում է կամ փող հավաքելու միջոց, այլ իսկապես իրենց մոտ համոզում է․․․ ես հրավիրում եմ բոլոր պատասխանատու կազմակերպությունների, այս գործով մտահոգ, նպատակասլաց ուժերի ղեկավարներին»:

XS
SM
MD
LG