Մատչելիության հղումներ

Մոսկվան պատրաստ է վերսկսել «Թուրքական հոսք»-ի շուրջ բանակցությունները


«Թուրքական հոսք»-ի քարտեզը

«Թուրքական հոսք»-ի քարտեզը

Ծրագիրը կյանքի կոչելու հեռանկարներ առկա են, ասում է Ռուսաստանի էներգետիկայի նախարարը:

Ռուսաստանը պատրաստ է վերսկսել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության շուրջ բանակցությունները պաշտոնական Անկարայի հետ: Այս մասին մոսկովյան LifeNews հեռուստաընկերության եթերում հայտարարեց Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Թուրքական հոսք»-ի երթուղու շուրջ բանակցությունները չեն վերսկսվել: Դրանք դադարեցվել են դեռ ամռանը, երբ մենք համաձայնագրի նախագծի մեր տարբերակն ուղարկեցինք թուրք գործընկերներին: Բանակցությունները, սակայն, դադարեցվեցին Թուրքիայում կայուն հիմունքներով գործող կառավարության բացակայության պատճառով: Այժմ արդեն նման կառավարություն ձևավորվել է, ուստի եթե [թուրքական կողմից] նման շահագրգռվածություն լինի, մենք կշարունակենք բանակցությունները», - հայտարարում էր Ռուսաստանի էներգետիկայի նախարարը:

Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ «Թուրքական հոսք» գազատարը պետք է սկիզբ առներ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի մերձակայքում գտնվող «Ռուսկայա» կոմպրեսորային կայանից, հետագայում անցնելով Սև ծովի հատակով և թուրքական ափ դուրս գալով Քայաքյոյ բնակավայրի մոտ: Գազատարի ցամաքային հատվածի ընդհանուր երկարությունը պետք է կազմեր 180 կիլոմետր: Հատելով Թուրքիայի ողջ եվրոպական հատվածը՝ այն դուրս էր գալու Հունաստանին սահմանակից շրջան` Էփսիլի քաղաքի մոտ: Նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի կործանումից հետո, սակայն, Անկարայի և Մոսկվայի միջև իրականացվող բոլոր երկկողմ ծրագրերի, այդ թվում՝ «Թուրքական հոսք»-ի շուրջ աշխատանքները դադարեցվեցին:

Ռուսաստանի էներգետիկայի նախարարը, այդուհանդերձ, հույս ունի, որ առաջիկայում խողովակաշարի կառուցմանը խոչընդոտող քաղաքական արգելքները հնարավոր կլինի հաղթահարել:

«Ես կարծում եմ, որ այս երթուղին, ենթակառուցվածքային այս ծրագիրը բավական հետաքրքրական կարող է լինել Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի սպառողների համար: Այնպես որ, կարծում եմ, այս ծրագիրը կյանքի կոչելու հեռանկարներն այնուհանդերձ առկա են: Բայց որքան ես եմ հասկանում՝ դեռ բոլոր կողմերը չէ, որ պատրաստ են իրագործել այս ծրագիրը», - նշում էր Նովակը:

Կառուցման դեպքում «Թուրքական հոսք»-ի ընդհանուր տարեկան հզորությունը կարող է հասնել 63 միլիարդ խորանարդ մետրի: Դրանից 50 միլիարդը կմատակարարվի թուրք-հունական սահման` հետագայում Հարավային Եվրոպայի երկրներ արտահանելու նպատակով:

XS
SM
MD
LG