Մատչելիության հղումներ

Վրաստանի «կարևորագույն առաջնահերթությունը» Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելն է


«Ռուսաստանի նկատմամբ պրագմատիկ դիրքորոշում ունենալով՝ մենք փորձելու ենք չեզոքացնել այն ռիսկերը, որոնք կարող են խանգարել մեր առաջնահերթ նպատակների իրականացմանը», - երեկ խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրված Գիորգի Կվիրիկաշվիլին:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված Գիորգի Կվիրիկաշվիլին շարունակում է հանդիպումները երկրի խորհրդարանական խմբակցությունների հետ:

Երեկ խորհրդարանում Կվիրիկաշվիլին և իր ապագա կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Ռուսաստանի հետ հարաբերություններին անդրադառնալով՝ Կվիրիկաշվիլին ասել է, թե «դեմ է բևեռացմանը»՝ վստահեցնելով, որ պատրաստ է համագործակցել խորհրդարանական բոլոր ուժերի հետ:

Նա ասել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականության հիմքում «անկոտրում ուղղվածությունն է դեպի եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրացիան»․ - «Մեր կարևորագույն առաջնահերթությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելն է: Ռուսաստանի նկատմամբ պրագմատիկ դիրքորոշում ունենալով՝ մենք փորձելու ենք չեզոքացնել այն ռիսկերը, որոնք կարող են խանգարել մեր նպատակների իրականացմանը»:

Գիորգի Կվիրիկաշվիլին կլինի «Վրացական երազանքի» կառավարության երրորդ վարչապետը՝ Բիձինա Իվանիշվիլիից և Իրակլի Ղարիբաշվիլիից հետո:

XS
SM
MD
LG