Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանները կրկին չթույլատրեցին «Նոր Հայաստան»-ին պաստառ փակցնել Օպերայի շենքի պատին


Ոստիկանությունը չի թույլատրում պաստառի վերատեղադրումը, 28-ը դեկտեմբերի, 2015թ.

Ոստիկանությունը չի թույլատրում պաստառի վերատեղադրումը, 28-ը դեկտեմբերի, 2015թ.

Ոստիկանների հետ երեկվա բախումից հետո ընդդիմադիր «Նոր Հայաստան»-ն այսօր իրավապահներին նվիրված երգի ներքո փորձեց պաստառը փակցնել։ Երաժշտական ձոնը, սակայն, չօգնեց. երիտասարդների ձեռքին տեսնելով պաստառը՝ ոստիկանությունն անմիջապես մեծ ուժեր կենտրոնացրեց Օպերային թատրոնի շենքի աստիճանահարթակին՝ արգելելով անգամ մոտենալ շենքին։

Գործողությունն այսօր ևս համակարգում էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ Գևորգ Սաֆարյանին հորդորելով թույլտվություն ստանալ մշակույթի նախարարությունից։

«Համաձայնեցրեք մշակույթի նախարարության, Օպերայի տնօրինության հետ»,- ասաց Երևանի փոխոստիկանապետը։

Ի վերջո, ցուցարարները ստիպված էին ձեռքերով օդում պարզել պաստառը, հետո լարերով ամրացրին հարթակին դրված ձողերին:

Օպերային թատրոնի դռների վրայից երկու օր առաջ իջեցված պաստառը «Նոր Հայաստան»-ն այլևս չի կարողանում վերականգնել: Ընդդիմադիրների փոխանցմամբ, թատրոնի ղեկավարությունը խնդրել էր ընդամենը մի քանի ժամով հանել այն կենտրոնական մուտքից, իրենք էլ ընդառաջել էին, բայց պարզվեց՝ նորից փակցնել չի կարելի։

Դիտարկմանը, թե ըստ քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության, մշակույթի նախարարությունն առարկում է միայն վրանի մասով, Վալերի Օսիպյանը պատասխանեց՝ ընդդիմադիրները միայն վրանի հայտ էին ներկայացրել, և շուրջ մեկ ամիս պաստառն ապօրինի է կախված եղել։

«Բայց քանի որ հավաքի մասնակիցները, այդ թվում հավաքի կազմակերպիչը մշտապես ոստիկանությանը ասում էր, որ տնօրինությունը տեղյակ է, սակայն երեկ մենք բոլորս ականատես եղանք, երբ տնօրինությունը հայտարարեց, որ նման համաձայնություն չի եղել»,- ասաց Օսիպյանը։

Օպերային թատրոնի փոխտնօրեն Սուրեն Աղաբաբյանը երեկ ասում էր, թե «Նոր Հայաստան» տարբերանշանով պաստառը չի վնասում շենքը, բայց էսթետիկական խնդիր կա։ Գևորգ Սաֆարյանը հակադարձում է՝ փոխտնօրենն իրավասու չէ արգելք դնել.- «Իր սուբյեկտիվ կարծիքով գեղեցիկ չի լինի էստեղ պաստառը, այսինքն՝ տնօրենի սուբյեկտիվ կարծիքով կարելի է մարդու, քաղաքական ուժի քաղաքական իրավունքները ոտնահարել։ Ի սկզբանե կազմակերպվել էր սաբոտաժը, որպեսզի պաստառը էստեղից հանեն, քանի որ մենք հայտարարել ենք, որ Նոր տարին դիմավորելու ենք Ազատության հրապարակում»։

XS
SM
MD
LG