Մատչելիության հղումներ

Արամ Սաթյան․ «Ստեղծագործական միությունները պետք է ունենան որոշակի ֆոնդեր»


Կոմպոզիտորների միության նախագահի համոզմամբ, հենց ստեղծագործական միությունների աշխատանքի շնորհիվ է, որ ինչ-որ չափով պատնեշվում է օտարամոլության հեղեղը մեր հեռուստատեսային և ռադիո եթերում:

«Միությունները այսօր ոնց որ սահմանամերձ գոտում են: Նրանք անում են այն, որ կարողանան մատուցել մեր մշակույթը տարբեր երկրներում: Գաղտնիք չէ, որ էքսպանսիա է կատարվել․ այսքան տարիների ընթացքում մենք ավելի շատ օտարամոլ երգեր, ստեղծագործություններ ենք օգտագործում, որոնք ներմուծվում են: Դեսպանատները ձրի տալիս են ձայնագրություններ, ձայնասկավառակներ, վիդեոձայնագրություններ», - «Ազատության» հետ զրույցում փաստարկեց Սաթյանը:

Նրա համոզմամբ՝ ժամանակակից երաժշտության մեջ օտար, մեր ազգային երաժշտամտածողությանն անհարիր տարրեր են աստիճանաբար ներմուծվել, և այսօր պատկերն արդեն խիստ տագնապահարույց է: Խոսքը պարզապես ազդեցությունների մասին չէ․ ողջ աշխարհում դարեր շարունակ արվեստի տարբեր ճյուղերի զարգացումը հենց ամենատարբեր ազդեցություններից է ծնվել: Բայց այս պարագայում խնդիրը բոլորովին այլ է:

«Ոչ թե ազդեցություն, այլ պարզապես նմանակում», - համոզված է Արամ Սաթյանը:

Իսկ միությունները, նրա խոսքով, փորձում են գոնե պրոֆեսիոնալներին զերծ պահել նման ուղուց․ - «Եվ դրա շնորհիվ միությունները պահպանում են ազգային մշակույթը: Այն, ինչ որ բնորոշ չէ այլ կազմակերպություններին, որոնք այսօր և՛ ֆինանսավորվում են, և՛ կարողանում են իրենց քաղաքականությունն անցկացնել մեր այսօրվա իրականության մեջ: Ես կարծում եմ, որ միությունները պետք է ունենան որոշակի ֆոնդեր: Ստեղծագործական միությունները հասարակական կազմակերպություններ են և իրավունք չունեն ֆինանսներ աշխատել: Ու հանկարծակի այդ հասարակական կազմակերպությունը, որը ներկայացնում է մշակույթը, ներկայացնում է աշխարհին, փորձում է մտածել ազգային մշակույթի մասին, նա չի ֆինանսավորվում ընդհանրապես»:

2016 թվականի ապրիլին Արամ Սաթյանի նախաձեռնությամբ Երևանում և Միացյալ Նահանգներում կազմակերպվելու է հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների փառատոն, որը, կազմակերպիչների ակնկալիքով, պիտի խթանի հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի զարգացումը:

XS
SM
MD
LG