Մատչելիության հղումներ

logo-print

Բացվեցին «Հյուսիս-հարավ»-ի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածները


«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի նորաբաց Երևան-Արտաշատ հատվածը, լուսանկարը՝ նախագահականի

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի նորաբաց Երևան-Արտաշատ հատվածը, լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ այսօր Արարատի մարզում կայացել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում ճանապարհի առաջին (տրանշ 1)՝ Երևան-Արտաշատ նորակառույց հատվածի բացման արարողությանը:

Արարողության մասնակիցները նույն վայրում ուղիղ հեռարձակմամբ հետևել են նաև ճանապարհային միջանցքի Երևան-Աշտարակ հատվածի զուգահեռ բացման արարողությանը:

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կիլոմետր ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով Հայաստանի հարավային և հյուսիսային սահմանները կապել միմյանց՝ կրճատելով ճանապարհի երկարությունը շուրջ 85 կիլոմետրով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով երկրի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ռազմավարական նշանակության կարևոր այդ ճանապարհի՝ երկկողմանի երթևեկությամբ առաջին հատվածի բացումից հետո ծրագրի պատասխանատուները նախագահին զեկուցել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագրի ընթացքի և առաջիկա զարգացումների մասին:

Նույն հաղորդագրության համաձայն՝ նախագահն այսօր նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ներկա է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը, ծանոթացել առողջապահական այդ հաստատության նոր մասնաշենքի հնարավորություններին, հին մասնաշենքի հիմնանորոգման ու արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, բուժհաստատության կողմից մատուցվող ծառայություններին:

«Աստղիկ» բժշկական կենտրոնը, որը 1965 թվականից շահագործվող «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդն է, պատասխանատուների հավաստմամբ, արդիականացման արդյունքում հագեցվել է ժամանակակից սարքավորումներով: Բուժման, ախտորոշման և նորագույն ծառայությունների ներդրման, բարձրորակ կադրերով համալրման շնորհիվ կենտրոնում բժշկական օգնության և սպասարկման ծավալներն աճել են, ինչին զուգահեռ ավելացել է կենտրոնի աշխատողների թվաքանակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG