Մատչելիության հղումներ

Գյումրեցի ակտիվիստների դեմ հարուցված գործի նախաքննությունը տեղից չի շարժվում


Ցուցարար Մնացական Ալեքսանյանը Գյումրիի ցույցի ժամանակ, 15-ը հունվարի, 2015թ.

Ցուցարար Մնացական Ալեքսանյանը Գյումրիի ցույցի ժամանակ, 15-ը հունվարի, 2015թ.

11 ամիս է՝ տեղից չի շարժվում գյումրեցի ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործը։ Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո փողոց դուրս եկած ցուցարարները պահանջում էին հայկական կողմին հանձնել մեղադրյալ Վալերի Պերմյակովին, սակայն ոստիկանության հետ բախումներից հետո նրանցից 19-ին մեղադրանք առաջադրվեց խուլիգանության հոդվածով:

Ցուցարարների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունը դեռ շարունակվում է, նախաքննական մարմինն էլ մերժում է քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը: Արդյունքում 11 ամիս է՝ մարդիկ զրկված են ազատ տեղաշարժվելու իրավունքից, ասում է Մնացական Ալեքսանյանի շահերի պաշտպան Հայկ Հարությունյանը:

«Մեկ տարին արդեն լրանում է, որ իմ պաշտպանյալը զրկված է ազատ տեղաշարժվելու իր իրավունքից, արգելք է դրված, նա չի կարողանում գնալ արտերկիր աշխատելու, դրա պատճառով հիմա տանը նստած է և ոչ մի բան չի կարող անել։ Անորոշ վիճակ է»,- ասաց փաստաբանը։

Հարցին՝ մի՞թե այդքան բարդ քրեական գործ է, որ շուրջ մեկ տարի է նախաքննություն է ընթանում, Հարությունյանը պատասխանեց.- «Կան բարդություններ, չեմ ասի, որ հեշտ գործ է, բայց այնքան բարդ չէ, որ համարյա մի տարի տևեր։ Պարզելու բան չկա, էդտեղ այնքան ակնհայտ էր, բոլոր լրատվամիջոցների ձայնագրություններում երևում է, սկզբնական նպատակը պարզ է բոլորի համար, այնպես չէ, որ պետք է պարզեին, թե էդ քաղաքացիները ինչպես հայտնվեցին այնտեղ և ինչ արեցին, ինչի համար»։

Փաստաբանը նախաքննության ձգձգման մեջ միտում է տեսնում: «Քանի որ արդեն Պերմյակովի դատավարությունը սկսվել է, սա արվում է նրա համար, որ կրքերը չթեժանան, եթե մեր համաքաղաքացիները էլի տարբեր պատճառներով դժգոհ լինեն դատավարությունից, ինչ-որ զսպող մեխանիզմ լինի, իմանան, որ ա՛յ, տե՛ս, էս մարդիկ դեռ չեն ազատվել էն հին գործից... շատերը կվախենան դուրս գալ փողոց, ինձ թվում է՝ դա պահվում է սրա համար»,- ասաց Հարությունյանը։

Վերջին անգամ փաստաբանն իր վստահորդի հետ նախաքննական մարմին է կանչվել մոտ երկու ամիս առաջ: Ստացվել էր դեպքի վայրում քարերի փորձաքննության եզրակացությունը: 9 ամիս սպասելուց հետո քարերի փորձաքննությունը, ըստ Հայկ Հարությունյանի, առաջ քաշած հարցերի պատասխանը չէր տվել, չէր էլ տալու: Փաստաբանի կարծիքով, դա արվել է զուտ ժամանակ ձգելու համար:

«Փորձագետին հարցեր էին առաջադրել, թե այդ քարերը որտեղի՞ց են առաջացել, ի՞նչ տիպի խառնվածք է, փորձաքննության պատասխանն էր ստացվել, թե «մենք չենք կարող ասել՝ խառնվածքը ինչից է»։ Անորոշ մի պատասխան էր, բնականաբար, էդպես էլ պետք է լիներ, որովհետև ի սկզբանե, իմ կարծիքով, այդ փորձաքննությունները արվում են զուտ նրա համար, որ ժամանակ ձգվի՝ իբր թե նախաքննություն է ընթանում։ Ըստ էության, գործին վերաբերող խուլիգանության հետ կապված ինչ-որ գործողություններ չեն կատարվում կամ կատարվում են մեզնից գաղտնի»,- ասաց Հարությունյանը։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» փոխանցեց, որ նախաքննությունը շարունակվում է, քրեական գործի լրիվությունն ապահովելու համար անհրաժեշտ որոշ գրությունների, հարցումների պատասխաններ դեռ չեն ստացվել, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

XS
SM
MD
LG