Մատչելիության հղումներ

Սահմանադրական հանրաքվեի առնչությամբ հարուցվել է 54 քրեական գործ


Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանը (ՀԱԿ) «Ազատության» ստուդիայում: 17-ը մարտի 2015 թ․

Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանը (ՀԱԿ) «Ազատության» ստուդիայում: 17-ը մարտի 2015 թ․

Կալանավորված է, մինչդեռ, ընդամենը մեկ քաղաքացի, ևս մեկին մեղադրանք է առաջադրվել:

Այս երկու դիմումները ներկայացրել էր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ):

Հարուցված քրեական գործերի մեծամասնության դեպքում խախտում արձանագրողները կա՛մ ՀԱԿ-ի ներկայացուցիչներ են եղել, կա՛մ դիտորդներն ու քաղաքացիները՝ չնայած հանրաքվեի օրը բոլոր տեղամասերում ոստիկաններ են հերթապահել։

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանը վստահ է, որ ոստիկանությունն անգործություն է ցուցաբերել․ - «Ինչպես նախորդ ընտրություններում, այնպես էլ այս անգամ ոստիկանները ձևական ներկայություն ապահովեցին և որոշ դեպքերում խանգարեցին հսկիչների, դիտորդների աշխատանքին: Ես կարծում եմ, որ նրանց ուղղակի հրահանգված էր հանգիստ պահել իրենց և որևէ կերպ ակտիվություն չցուցաբերել»:

Գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ արդեն 500 հանցագործության մասին ահազանգեր են ուսումնասիրել։

Դրանց թիվը ավելանում է։ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքով, միայն իրենք 80 դիմում ներկայացրել են, առաջիկա օրերին կներկայացնեն ևս 70-ը․ - «Մենք ընդհանուր առմամբ 150 քրեական գործի հաղորդում ենք ներկայացնում դատախազությանը՝ հիմնավորված վիդեոնյութերով, կից փաստաթղթերով և այլն: Մի քիչ սա տեսական է ստացվում, բայց կարող է 100-ից ավելի քրեական գործ հարուցվել»:

Կոնգրեսի կենտրոնական շտաբում պնդում են, թե հանրաքվեից մոտ մեկ ամիս անց դեռ խախտումների մասին տեղեկություններ են ստանում: Դրանք ոչ միայն դատախազություն, այլև առաջիկա օրերին լրատվամիջոցներին և միջազգային դիտորդներին են փոխանցելու։

Մանուկյանը պնդում է, որ 220 տեղամասի հետ կապված հստակ արձանագրված խախտումների ապացույցներ ունեն․ - «Շատ ակտիվ այդ գործերը հիմա քննվում են: Այս պահին մեր հանձնաժողովների անդամները, վստահված անձինք Հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք են տալիս իրենց հայտարարությունների հետ կապված: Այսինքն, գործընթացը ամբողջ ընթացքով, ամբողջ ճակատով գնում է: Եվ ծավալը շատ է ու դեռ կշարունակվի: Բայց մենք որոշել ենք՝ այսօր կամ վաղը կսկսենք տպագրել, հանրությանը ներկայացնել բոլոր այն նյութերը, որ մենք կարողացել են ձեռք բերել»:

Արամ Մանուկյանի փոխանցմամբ՝ իրենք ամեն ինչ անելու են, որ հնարավորինս շատ քրեական գործեր հարուցվեն և խախտումներ անողները պատժվեն։ Առայժմ չեն շտապում գնահատական տալ այն փաստին, որ տասնյակ ահազանգերից հետո ցայսօր ընդամենը երկու անձի է մեղադրանք առաջադրվել։

Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի կարծիքով, մինչդեռ, առկա են հստակ փաստեր, և եթե արդարադատություն լիներ Հայաստանում, ապա մի քանի հարյուր քաղաքացիներ կկանգնեին դատարանի առաջ․ - «Կարծում եմ, որ ի վերջո, մոտավորապես մի 80-90 քրեական գործ կլինի, ու երևի թե աչքաչափով՝ 8-10 դատական գործ։ Աչքաչափով եմ ասում, որովհետև արդարադատությունից չենք խոսում, խոսում ենք ռեժիմի կամքից․․․ Չի կարող չհարուցել այդքան: 3-4 կամ 5 հոգի կդատվեն պայմանական կամ ինչ-որ չնչին ժամկետներով»:

Իրավապաշտըպանները հիշեցնում են, որ նախորդ նախագահական ընտրություններից հետո ընտրախախտումների համար որևէ մեկը ազատազրկման չդատապարտվեց։

XS
SM
MD
LG