Մատչելիության հղումներ

Հասանով․ «2016-ը կսկսենք «Ղարաբաղի հողը այրվելու է հայ զավթիչների ոտքերի տակ» նշանաբանով»


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեկտեմբերի 31-ին իր երկրում նշվող «ադրբեջանցիների համերաշխության օրվա» և Նոր տարվա կապակցությամբ զինված ուժերի անձնակազմին ուղղված շնորհավորական ուղերձում հայտարարել է, թե 2016 թվականը սկսելու են «Ղարաբաղի հողը այրվելու է հայ զավթիչների ոտքերի տակ» նշանաբանով:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Հասանովը վստահեցրել է, թե «Զինված ուժերը՝ Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ, ամեն օր բարձրացնելով բանակի նյութատեխնիկական ապահովումը, բարձր մակարդակի են հասել»: «Լուծվում են անձնակազմի սոցիալ-կենցաղային խնդիրները, շարունակվում է բանակի զինանոցի համալրումը արդիական սպառազինությամբ և տեխնիկայով, պատրաստվում են բարձր որակավորման մասնագետներ», - նշել է նա:

«Անձնակազմի բարձր մարտական ոգին, հայրենասիրությունը, մարտական և բարոյահոգեբանական պատրաստականությունը նախադրյալներ են ստեղծում, որպեսզի ադրբեջանական բանակը ազատագրի Խանքենդին [Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը], Շուշին, Լաչինը և թշնամու կողմից օկուպացված մեր մյուս տարածքները, և մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնվի», - հայտարարել է Հասանովը:

«Հավատում եմ, որ դուք կարդարացնեք վստահությունը հայրենիքին, ժողովրդին և պետությանը նվիրված ծառայությամբ, միշտ պատրաստ կլինեք կատարել Ադրբեջանական Հանրապետության Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները և նոր տարում՝ 2016 թվականին, որը մենք կսկսենք «Ղարաբաղի հողը այրվելու է հայ զավթիչների ոտքերի տակ» նշանաբանով, մեր ժողովրդին կուրախացնեք հաղթանակների մասին լուրերով», - ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարի ուղերձում:

«Ցանկանում եմ, որ 2016 թվականը պատմության մեջ մտնի որպես Ղարաբաղը օկուպացումից ազատագրելու և Հաղթանակների տարի», - հայտարարել է Զաքիր Հասանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG