Մատչելիության հղումներ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ամփոփելով անցնող 2015 թվականը, ասաց, որ այն փորձությունների տարի էր գյումրեցիների համար: Տարին սկսվեց ողբերգությամբ՝ Ավետիսյանների ընտանիքի սպանդով, և ավարտվում է կրկին փորձությամբ՝ սպանդի մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությամբ:

Ռուսական ռազմաբազայի տարածքում դատավարության անցկացման որոշումը Շիրակի թեմի առաջնորդին չի գոհացրել:

«Չեմ ուզում խիստ բաներ ասել, այն, ինչ ուրիշ անգամ ասեցի, ուզում եմ հուսալ, որ սա մեր իշխանությունների համար միակ հնարավորն էր։ Ասել եմ արդեն՝ գոհ չեմ, ուրախ չեմ, որ ռազմաբազայում է ընթանում, բայց երևի սա է միակ հնարավորը»,- «Ազատությանն» ասաց Շիրակի թեմի առաջնորդը։

Հոգևոր հայրն ասաց՝ ռազմաբազայի տարածքում չի գնա այդ դատավարությանը հետևելու.- «Ես պետք չունեմ այդ ձևականությունները հաղթահարելու, ես չեմ սիրում արգելքները, արհեստական արգելքներ չեմ սիրում: Ուղիղ եթերում հետևում էի: Էստեղ մի պրոցես չընթացավ էլ, որ կարծիք կազմեի։ Չծնված մահացավ էդ պրոցեսը։ Գոնե այդ առաջին դատական նիստը չծնված մահացավ։ Հիմա տեսնենք հաջորդ նիստին ինչ կլինի»:

Փորձությամբ սկսված տարին, ըստ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, դժվարություններով էլ շարունակվեց, գործազրկության ու աղքատության ամենաբարձր ցուցանիշն ունեցող մարզում սոցիալական վիճակն է'լ ավելի սրվեց՝ անդրադառնալով անգամ եկեղեցու վրա:

«Գոնե մենք մեր եկեղեցու շարժով զգացինք, որ կտրուկ անկում գրանցվեց: Բոլոր անցած 15 տարիների ընթացքում երբեք գոնե եկեղեցում անկում չէր գրանցվել, բայց այս տարի կտրուկ անկում գրանցվեց։ Ուրեմն ժողովուրդ չի մնացել, ժողովրդի հոսքը պակասեց, և ժողովրդի հոսքի առկայության դեպքում էլ ներդրումը պակասեց, որովհետև ժողովուրդը իրոք շատ ծանր վիճակում է։ Արդեն ստիպված է 60 դրամի վրա դողալ: Մենք եթե ակնկալում ենք յուրաքանչյուր եկեղեցի մտնողից գոնե 60 դրամի օժանդակություն, մեկ մոմը, որ արժի 60 դրամ, շատ հաճախ էդ մարդը 60 դրամի օժանդակությունն էլ տալ չի կարող, որպեսզի եկեղեցին իր ծախսերը հոգա և մի բան էլ վերադարձնի ժողովրդին: Դրա համար ասում եմ, որ բավական ծանր տարի եղավ, երբեք այսքան ծանր չէր եղել»։

Իշխանությունը վերջին շրջանում, հատկապես հանրաքվեի օրերին հաճախ էր հիշում Գյումրիի մասին, 600 աշխատատեղերի բացման խոստում հնչեց, 23 միլիոն եվրո էլ տրամադրվեց Գյումրիի քարուքանդ փողոցների բարեկարգման համար:

«Ուշ լինի, նուշ լինի, լավ է ուշ, քան երբեք։ Ուշացածություն կա, անշուշտ ուշացած է, բայց լավ է ուշ, քան երբեք»,- ասաց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

Ամփոփելով տարին՝ Շիրակի թեմի առաջնորդը պնդեց, թե հաջորդի համար միայն մեկ ցանկություն ունի, որ սահմանին սրված լարվածությունը մարի:

«Աղոթում ենք, որ 2016 թվականը հեռու պահի մեզ ցանկացած փորձություններից։ Մանավանդ լինի խաղաղության տարի, որպեսզի մեր մայրերը իրենց զինվոր զավակների համար արտասվելու առիթ և պատճառ չունենան։ Խաղաղություն լինի նախ սահմանին, խաղաղություն լինի աշխարհին»,- ամփոփեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG