Մատչելիության հղումներ

«Գյուղատնտեսության ոլորտում ունենք 931.4 միլիարդ դրամի համախառն արտադրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կազմում է 11.6 տոկոս աճ», - լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով ավարտվող տարին՝ հայտարարեց Սերգո Կարապետյանը:

Նախարարի համոզմամբ՝ չնայած գյուղացիների դժգոհություններին, ոլորտի բոլոր ճյուղերում առաջընթաց կա: Նա անգամ թվարկեց ձեռքբերումները՝ առանձնացնելով նոր կոոպերատիվների ու ջերմոցների հիմնումը, վարելահողերի ավելացումն ու պարենային ապահովությունը։

«Թեև մթերումը դժվարություններով ընթացավ, գներն ընկան, սակայն բերքը դաշտում չմնաց», - հայտարարեց Կարապետյանը։

«Ազատության» հարցին, թե այդ դեպքում ինչու էին գյուղացիները բողոքի ցույցեր անում ու բերքը ճանապարհին թափում, նախարարն արձագանքեց, թե չի մթերվել միայն անորակ բերքը, կամ գյուղացիներն իրենք են ուշացրել բերքը գործարան տանել․ - «Օրինակ, բադրջանի առումով: Բադրջանը եթե 2 օր ուշացնում ես, սերմակալում է, և դա վերամշակման պիտանի չի: Արտաքինից որ նայում ես՝ նորմալ է երևում, բայց մասնագետը հասկանում է։ Դրա վերաբերյալ, ես հիշում եմ, տարվա ընթացքում գրվեց, որ տարել-թափել են: Ստանդարտներ կան, որ պիտի համապատասխանի, հատկապես վերամշակման համար: Էսօր շուկայում մեծ մրցակցություն է, մշակողը պետք է կարողանա որակյալ ապրանք արտադրել։ Մի քանի տարի առաջ չկար, հիմա արդեն սրվել է խնդիրը»։

Նախարարը չկարողացավ նշել, թե բերքի որ տոկոսն է թափվել․ - «Ես այդպիսի թվերի չեմ տիրապետում: Բայց ես կարող եմ ասել, որ թափոն ընդհանրապես չենք ունեցել: Մենք ունեցել են, իհարկե, խաղող, որ գյուղացիներն իրենք են վերամշակել, իրենց տանը։ Դա ընդունված բան է, բոլորն էլ իրենց տանը գինի են պատրաստում, օղի են պատրաստում: Բայց էս տարի հնարավոր է ծավալները ավելի շատ լիներ»։

Շաբաթներ առաջ գյուղացիները բողոքի նոր ցույցեր սկսեցին՝ կառավարությունից ու նախագահից պահանջելով քայլեր ձեռնարկել, որպեսզի գործարարները վճարեն մթերած բերքի դիմաց։ Տարեվերջին հաշված օրեր են մնացել, սակայն շատերը դեռ գումարը չեն ստացել։

Նախարարը խոստացավ, որ հաջորդ տարի այս հարցն էլ կլուծեն՝ նախապես առաջարկելով գործարարներին գյուղացիների հետ պայմանագրեր կնքել․ - «Գինու գործարանները պարտքերը փակել են 82.1 տոկոսով։ Պարտքերը կան հիմա, շարունակվում է էդ գործընթացը, սակայն պայմանավորվածություն կա մթերողների և արտադրողների միջև, թե որ ժամկետներում պետք է փակեն»։

Չնայած վերամշակող ընկերությունների դժվարություններին, նախարարության տվյալներով, լուրջ առաջընթաց կա նաև արտահանման բնագավառում. պաշտոնական տվյալներով նախորդ տարվա 46 հազար 450 տոննայի փոխարեն այս տարի 76 հազար տոննա բերք է արտահանվել։ Հիմնական շուկան ԵՏՄ երկրներն են։

Հաջորդ տարի նույնպես, նախարարի խոսքով, կառավարությունը շարունակելու է աջակցել գյուղացուն՝ սուբսիդավորվող վարկեր տրամադրելով ու գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաներ ներդնելով․ - «Պարզապես մեր ռեսուրսները քիչ են»:

Լրագրողների հարցին, թե ինչպես է, որ փոխարենը նախարարի ու իր կնոջ կարողությունները տարեցտարի ավելանում են, Սերգո Կարապետյանն արձագանքեց․ - «Գույքի վաճառք ենք ունեցել, գույքի վաճառքից ավելացել է»:

XS
SM
MD
LG