Մատչելիության հղումներ

logo-print

Մանաթի շարունակվող արժեզրկումը խուճապ է առաջացրել


Մանաթի արժեզրկումից հետո խանութներում ապրանքի թանկացում է։ Բաքու, 28 դեկտեմբերի, 2015թ.

Մանաթի արժեզրկումից հետո խանութներում ապրանքի թանկացում է։ Բաքու, 28 դեկտեմբերի, 2015թ.

«Սև շուկայում» մեկ դոլարն առաջարկում են երկու մանաթով։

Նախկին խորհրդային տարածքի բնակիչները լավ գիտեն. երբ իշխանությունը հավատացնում է, թե ամեն ինչ լավ կլինի, արժեզրկում չի լինի, վիճակը անպայման կկայունանա, ուրեմն հաստատ տեղի կունենա հակառակը` ազգային տարադրամի արժեզրկումը կշարունակվի, իսկ ապրանքների և ծառայությունների գները կշարունակեն աճել։

Ի՞նչ անել ազգային արժույթով՝ մանաթով խնայողությունները փրկելու համար։ Բոլորը գիտեն հին փորձված միջոցը` ձեռք բերել արտարժույթ՝ դոլար կամ եվրո։ Ադրբեջանում փոխանակման կետերի մեծ մասը հիմա փակ է։ Իսկ ի՞նչ անել այդ դեպքում․ դա էլ հետխորհրդային աշխարհում գիտեն` պետք է գնալ «սև շուկա»։ Այստեղ կարող ես դոլար գնել, բայց շատ տհաճ, ցավոտ կուրսով:

Կենտրոնական բանկը մեկ դոլարի պաշտոնական գին է սահմանել 1 մանաթ 55 քեփիքը․ այսպիսով, կուրսը կա, բայց դոլար չկա։

Մինչդեռ, հետխորհրդային տարածքում նունպես գործում է շուկայի թիվ մեկ օրենքը` եթե կա պահանջարկ, ուրեմն կլինի առաջարկ։ «Սև շուկայում» մեկ դոլարն առաջարկում են երկու մանաթով։ Սա արդեն, ինչպես շարքային քաղաքացին կասի` «թալան» է, բայց ի՞նչ անի շարքային քաղաքացին օրըստօրե արժեզրկվող մանաթից ազատվելու համար։ Ստիպված է գնալ «սև շուկա», և այստեղ արդեն միջամտում է պետությունը՝ յուր պատժիչ կարողություններով։

Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Յուսուբովը ստորագրել է հրամանագիր «Արտարժույթի ապօրինի փոխանակումն ու վերավաճառքը կանխելու միջոցների մասին»։

Մեղավորները, ըստ այդմ, պատասխանատվության կենթարկվեն Վարչական իրավախախտումների օրենսգրքի 221 հոդվածով։

«Կարգադրության իրականացումն արդեն մեկնարկել է։ Ոստիկանների կողմից բերման են ենթարկվել դոլարն ապօրինի եղանակով վաճառող երեք քաղաքացիներ», - ասվում է Ներքին գործերի նախարարության՝ երեկ տարածած հաղորդագրությունում։

Խուճապային տրամադրություն է ոչ միայն փոխանակման կետերի կամ բանկերի մոտ, այլև սոցիալական ցանցերում։ Այստեղ օգտատերերի գերիշխող մեծամասնությունը քննարկում է մանաթի արժեզրկման հարցը, դոլար հայթայթելու հնարավորությունները։ Ադրբեջանի կենտրոնական բանկն այսօր հայտարարել է, թե «մանաթի արժեզրկման մասին ասեկոսեներն անհիմն են», և քաղաքացիներին հորդորել է անհարկի խուճապ չհրահրել։

Փոխանակման կետերը դոլար կամ եվրո չեն վաճառում ոչ թե այն պատճառով, որ ենթադրում են, թե Կենտրոնական բանկը կբարձրացնի կուրսը, այլ ֆիզիկապես չունեն արտարժույթ․ ունեցածը անցած շաբաթ արդեն վաճառել են, իսկ կոմերցիոն բանկերը Կենտրոնական բանկից նոր միջոցներ դեռ չեն ստացել։

Եթե մայրաքաղաք Բաքվում սպեկուլյանտները դոլարը վաճառում են 2 մանաթով, ապա շրջաններում, ըստ որոշ տեղեկությունների, գինը հասել է արդեն 2.5 մանաթի։

Իսկ Բաքվում իրարանցում է Մայիս 28-ի փողոցում, այստեղ կան մեծ թվով փոխանակման կետեր, որոնց մոտ հավաքված մարդկանց են մոտենում վերավաճառողները և գործարքներ են առաջարկում։

Տնտեսագետ Իլհամ Շաբանի կարծիքով, Ադրբեջանը վերադառնում է 90-ական թվականներ` մարդիկ ունեն բացասական սպասումներ, ենթադրում են, որ նոր տարվա առաջին շաբաթվա ընթացքում մանաթն է՛լ ավելի կարժեզրկվի, ինչը, իր հերթին, կտրուկ խթանում է արտարժույթի պահանջարկը։

1990-94 թվականներին էլ այդպես էր․ սպեկուլյանտները այն ժամանակ էլ հավաքվում էին «Բաքու» հյուրանոցի շենքի մոտ, հիմա այն քանդել են, երկու տասնամյակ է անցել, բայց «սև շուկան» այդ նույն տեղում է վերականգնվել։

Քաղաքագետ Նաթիգ Ջաֆարլին արտարժույթի հարցում լարվածությունը բացատրում է Ադրբեջանի արտաքին առևտրում արտարժույթի հոսքերի չհավասարակշռված վիճակով․ էքսպորտային գործառույթներից ստացվող եկամուտը հասնում է 10 միլիարդ դոլարի, արտահանման 95 տոկոսն ապահովում են նավթն ու գազը, նավթի գինն էապես իջել է։

Իսկ ներմուծումը կազմել է 8 միլիարդ 200 միլիոն դոլար, ամենայն հավանականությամբ, ներմուծվող ապրանքը մաքսատանը գրանցվել է ցածր գնով, ինչը ներմուծողին տալիս է ցածր պետական տուրք վճարելու հնարավորություն։ Գուցե իրականում ներմուծված ապրանքի համար վճարվել է 10-12 միլիարդ դոլար։ Այսպիսով, երկրից դուրս եկող արտարժույթի իրական ծավալն անհայտ է, դրա համար էլ մանաթը ծանր ճնշման տակ է հայտնվել։

Կենտրոնական բանկը չի կարող անվերջ ներարկումներով պահել մանաթի կուրսը, միայն մեկ շաբաթում Կենտրոնական բանկի արտարժութային պաշարը նվազել է 300 միլիոն դոլարով։

«Սպուտնիկ» ռադիոկայանին տված հարցազրույցում Ջաֆարլին ասել է, թե վերավաճառողների դեմ հին սովետական ձևով պայքարել չի ստացվի․ հիմա կա համացանց, փողոցներից վտարես՝ նրանք կսկսեն համացանցի միջոցով գործարքները։

«Ի վերջո, տուգանք կվճարեն և կշարունակեն», - ասել է փորձագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG