Մատչելիության հղումներ

10/14 տեղամասում խախտումների փաստով քրգործ է հարուցվել


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունից հետո ընտրատեղամասերից մեկում բացում են քվեատուփը, Երևան, 6-ը դեկտեմբերի, 2015թ․

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունից հետո ընտրատեղամասերից մեկում բացում են քվեատուփը, Երևան, 6-ը դեկտեմբերի, 2015թ․

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդում է, որ սահմանադրական փոփոխությունների դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում թիվ 10/14 ընտրատեղամասում խախտումների վերաբերյալ ահազանգի հիման վրա քրեական գործ է հարուցել:

«Թիվ 10/14 ընտրատեղամասում նշանակված հանձնաժողովի անդամ Ալլա Հ.-ն հայտնել է, որ քվեարկության հետ կապված ճշտումներ կատարելու շուրջ վիճաբանել է իրեն անծանոթ հինգ քաղաքացիների հետ, որի ընթացքում նրանցից մեկը հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Բացի այդ, հիշյալ ընտրատեղամասում ընտրությունների անցկացման ամբողջ ընթացքում գրանցվել են բազմաթիվ խախտումներ, մասնավորապես՝ հանձնաժողովի անդամը կեղծ ստորագրություններ է դրել և կնքել գրանցամատյաններում, որից հետո տարբեր քաղաքացիներ ստացել են ծրարներ և քվեաթերթիկներ, ապա քվեարկել և հեռացել են, նույնիսկ առանձին քաղաքացիներ ներկայացել են ընտրության արդեն իսկ իրենց մոտ եղած ծրարներով և դրանք գցել քվեատուփի մեջ», - ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:

Հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը բռնություն գործադրելով զուգորդված խոչընդոտելու, քվեարկության արդյունքները կեղծելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ում Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 150-րդ հոդվածով և 154.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՔԾ-ն տեղեկացնում է նաև, որ ծառայությունում ընտրական գործընթացների հետ կապված խախտումների փաստերով այսօրվա դրությամբ քննվում են 24 քրեական գործեր, որոնցից մեկը, ինչպես արդեն հաղորդվել է, մեղադրական եզրակացության կազմմամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG