Մատչելիության հղումներ

logo-print

Շավարշ Քոչարյանը քննադատում է հայկական ուղղաթիռի կործանման դեպքում ՀԱՊԿ-ի լռությունը


Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի համոզմամբ, ՀԱՊԿ-ը պետք է արձագանքներ մեկ տարի առաջ Ղարաբաղում հայկական ուղղաթիռի կործանմանը այնպես, ինչպես արձագանքեց թուրքական ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը:

Քոչարյանը, ով նախագահ Սարգսյանի հետ մեկ շաբաթ առաջ ներկա էր Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովին, «Ազատությանը» տված հարցազրույցում ընդգծեց՝ եթե դաշինքի անդամ երկրները ցանկանում են ունենալ ազդեցիկ և ոչ թե ձևական կառույց, ուրեմն պետք է առաջնորդվեն կազմակերպության պայմանագրով:

«Խոցվեց Ռուսաստանի ինքնաթիռը։ Բնական է, եթե դու ունես ռազմաքաղաքական կառույց, պետք է որոշակի արձագանք լինի։ Ի դեպ, այս անգամ այդ արձագանքը եղավ, բայց հիշում եք, որ ես ասում էի՝ շատ հարցերում այսօր Թուրքիան է ընդօրինակում Ադրբեջանին։ Իսկ չկա՞ արդյոք այդ նմանությունը, երբ որ Ադրբեջանը խոցեց հայկական ուղղաթիռը, ու ըստ էության, արձագանք չեղավ կոնկրետ ՀԱՊԿ-ի կողմից: Չնայած մենք իրենցից որևէ աջակցություն չենք խնդրել, մենք դրա խնդիրը չունենք Ադրբեջանին պատժելու համար, բայց որպես կառույց իր վերաբերմունքը պետք է արտահայտեր»,- ասաց Քոչարյանը։

«Տեսեք՝ զուգահեռը ակնհայտ է, և նախագահի ելույթը նաև պայմանավորված է այդ հանգամանքով։ Եթե մենք ցանկանում ենք իրոք ունենալ ազդեցիկ ռազմաքաղաքական կառույց, այլ ոչ թե ձևական, ուրեմն կան հարցեր, որտեղ պետք է առաջնորդվել հենց պայմանագրով։ Իսկ ՀԱՊԿ պայմանագրում կան կետեր, որոնք միանշանակ պահանջում են նման իրավիճակներում համապատասխան արձագանք։ Տեսեք՝ նախագահի ելույթի մի մասը ՀԱՊԿ-ի նիստի ժամանակ էր, իսկ այն, ինչ որ նա արտասանեց լրագրողների առջև, դա համաձայնեցված դիրքորոշում էր։ Այսինքն, այն քննադատականը, որը հնչեց Թուրքիայի նկատմամբ՝ կապված այդ քայլի հետ, դա գնահատական էր բոլոր երկրների»,- հավելեց Հայաստանի փոխարտգործնախարարը։

Հարցին, թե ի՞նչ արձագանք գտավ այդ գնահատականը ՀԱՊԿ անդամների կողմից, Քոչարյանը պատասխանեց.- «Եթե քայլը այսօր կատարվել է, դա արդեն հիմք է ստեղծում, որ ապագայում արդեն այդ մոտեցումը կյանքի կոչվի»։

«Շատ է խոսվում, որ ՀԱՊԿ-ի ներսում կան լուրջ հակասություններ։ Ասում են՝ ՀԱՊԿ անդամ երկու երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը հսկայածավալ սպառազինություն են վաճառում Ադրբեջանին, Ղազախստանը միջազգային կառույցներում շատ հաճախ բռնում է Ադրբեջանի կողմը... Դուք նման հակասություններ զգո՞ւմ եք»։ Այս հարցին էլ Քոչարյանը պատասխանեց.- «Չէ, գիտեք ինչ, եկեք հասկանանք, առաջինը՝ ՀԱՊԿ-ի երկու անդամներ՝ Ղազախստանն ու Ղրղըզստանը Թուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ են, որտեղ ունեն իրենց շահերը՝ ընդհանուր շահերը։ Մյուս կողմից իրենք Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ-ի անդամ են։ Այստեղ արդեն խնդիր կա, որ պետությունը, լինելով միաժամանակ տարբեր կազմակերպություններում, ամեն դեպքում պետք է կատարի այն պարտավորությունները, որ ունի կոնկրետ տվյալ պարագայում ՀԱՊԿ-ում կամ ԵՏՄ-ում։ Այսինքն, մի կողմից մենք պետք է հասկանանք, որ ամեն մի պետություն ելնում է իր շահերից, բայց մյուս կողմից շատ բնական է պահանջը, որ լինելով որևէ կառույցի անդամ, դու պետք է կատարես այն պարտավորությունները, որ ունես այդ կառույցում։ Իսկ որ հակասություն կարող է լինել, իհարկե, էդ ո՞ր երկրում չկան։ Ինչի ՆԱՏՕ-ում Հունաստանն ու Թուրքիան չունե՞ն հակասություններ։ Իհարկե՛, ունեն։ Բայց մյուս կողմից նույն կազմակերպության անդամ են և պարտավոր են առաջնորդվել այդ կազմակերպության կանոնադրությամբ»։

Շավարշ Քոչարյանը հերքեց լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դեմ են եղել, որ Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցնի դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

«Այդպիսի բան գոյություն չունի։ Խնդիրը հետևյալն է, որ առայսօր հիմնարար փաստաթղթերով կանոնակարգված չէր գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ընդամենը գրված էր, որ պետք է լինի ՀԱՊԿ անդամ պետությունների քաղաքացի։ Հիմա մտադրությունը նա է, և արդեն համապատասխան որոշում նախորդ նիստում կայացվել է, որ պետք է լինի ռոտացիոն, ռուսական այբուբենի համաձայն, և բնական է, որ առաջինը լինելու է Հայաստանը»,- ասաց նա։

XS
SM
MD
LG