Մատչելիության հղումներ

Չեխիայի նախագահ․ Փախստականների ալիքը դեպի Եվրոպա «կազմակերպված արշավանք» էր


Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ 2015 թվականին ավելի քան 1 միլիոն փախստականների հոսքը դեպի Եվրոպա «ոչ թե միգրանտների ինքնաբուխ փախուստ էր», այլ «կազմակերպված արշավանք»:

Դեկտեմբերի 26-ին՝ Ծննդյան տոների առթիվ իր համերկրացիներին ուղղված ողջույնի խոսքում, Զեմանը կարծիք է հայտնել, որ Եվրոպա ժամանած երիտասարդ սիրիացիները և իրաքցիները պետք է մնային իրենց երկրներում և պայքարեին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Նա հավելել է, թե կարեկցանք «հնարավոր է» ցուցաբերել տարեց և հիվանդ փախստականների, բայց ոչ Եվրոպա ժամանած երիտասարդ տղամարդկանց նկատմամբ:

«Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ այդ մարդիկ չեն մնում իրենց երկրներում և զենք չեն վերցնում հանուն ազատության համար պայքարի «Իսլամական պետության» դեմ», - ասել է Զեմանը:

Չեխիայի նախագահը, ով հայտնի է իր հակաիսլամական դիրքորոշմամբ, անցած ամիս սկանդալի կիզակետում էր հայտնվել, երբ մասնակցել էր հակամահմեդական խմբի կազմակերպած ցույցին և երթի մի քանի հազար մասնակիցներին ուղղված իր խոսքում հայտարարել էր, թե նրանք ծայրահեղականներ չեն:

Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան ասել է, թե Զեմանի մեկնաբանությունները հիմնված են «նախապաշարմունքների և ամեն ինչ չափազանց պարզ ներկայացնելու՝ նրա համար արդեն սովորական դարձած մոտեցման վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG