Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարը գոհ է մոր և մանկան առողջության ապահովման ծրագրերից


Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ամփոփելով 2015-ը, ասաց՝ մեծ հաջողություններ են գրանցվել մոր և մանկան առողջության ապահովման ծրագրերում:

«Նախորդ տարիների համեմատությամբ նվազել են մոր և մանկան մահացության դեպքերը՝ 8-ից հասնելով 5-ի: Այս ցուցանիշը մեզ ոգևորում է, սակայն դեռևս գոհացուցիչ չէ»,- հայտարարեց Մուրադյանը:

Նախարարի խոսքով` մտահոգիչ է տարվա ընթացքում արձանագրված ծնունդների թվի նվազումը․ 11 ամսում արձանագրվել է շուրջ 39 հազար ծնունդ, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 970-ով:

Տարվա ամենաքննարկվող թեման Մերի Մարգարյանի և նրա փոքրիկի մահվան դեպքն էր, հարազատները մինչև օրս էլ մեղադրում են Մերիի բժշկին՝ Շուշանիկ Բախշյանին ու պնդում, որ նրա անտարբերության զոհն են երիտասարդ կինն ու նորածինը: Հարուցված է քրեական գործ, բացի այդ՝ առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողովն էլ ուսումնասիրում է՝ եղե՞լ է արդյոք բժշկի սխալ, թե՞ ոչ: Նախարարը հրաժարվեց խոսել այս թեմայով, ասելով՝ քրեական գործը դեռ չի ավարտվել: Բայց պնդեց՝ «մինչև դատարանի վճիռ չլինի, ոչ մի բժշկի մի մեղադրեք»:

«Մենք բնավ չէինք ուզենա, որ մեր բնակչության վստահությունը դեպի իրենց բժշկողները, դեպի բժշկությունը նվազեր», - ասաց Արմեն Մուրադյանը:

Նախարարին հիշեցրինք, որ այս տարի արձանագրված և հանրային հնչեղություն ստացած բոլոր գործերով էլ հարազատները մեղադրում են բժիշկներին: Նույն Մերի Մարգարյանի եղբայրը պնդում է, որ քրեական գործով անցնող բժիշկներին պետք է մինչև քրեական գործի ավարտը արգելել հիվանդանոց մտնել: Նախարարն ասաց, որ եթե այդպիսի հրաման արձակեր՝ կգերազանցեր իր լիազորությունները․ - «Չեմ կարծում նաև, որ պետք է լինեն միակողմանի մեղադրանքներ և շատ ներողություն՝ արժեքազրկված քայլեր նախարարության և առավելապես նախարարի կողմից՝ զրկել կամ մեղադրել մեկին, հանգստացնելու նպատակով հանրությանը, որ՝ տեսեք ինչ խիստ պատժեցինք այս բժշկին մինչև դատական վճռի կայացումը: Եթե սա անձնավորված ես փորձեմ որևէ բժշկի հանդեպ կիրառել, այն էլ՝ եթե նա չի գտնվում ուղիղ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկում, ես կարծում եմ՝ կգերազանցեմ և կխախտեմ այդ սկզբունքը»:

Մերի Մարգարյանի եղբայրը՝ Մարտին Մարգարյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենք սպասում են առողջապահության նախարարության բժշկական եզրակացությանը: Իսկ այն, որ նախարարը հորդորում է բժիշկներին չմեղադրել, մասամբ է ընդունում:

Նախարարը չի հերքում, որ առողջապահության համակարգում կոռուպցիա կա, բայց, ասում է՝ եթե նույնիսկ դա կա՝ միմիայն չհամակարգված աշխատանքի հետևանք է․ - «Կոռուպցիոն ռիսկեր ասելով՝ ես բնավ չէի ուզենա, որ տպավորություն ստեղծվեր, երբ ասում են՝ առողջապահական համակարգի կոռուպցիա, սա նշանակում է բժիշկների կողմից բացարձակ կոռուպցիոն ռիսկեր: Կոռուպցիոն ռիսկեր նշանակում է չկանոնակարգված, չռեգլամենտացված փոխհարաբերությունների արդյունքում որոշակի չարաշահումներ, որոնք իրականում կան»:

Ինչ վերաբերում է ոլորտի այլ խնդիրներին՝ նախարարի խոսքով, այս տարի ավելացել են սիրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետն ու օնկոլոգիական հիվանդությունները: Մահացությունների 80 տոկոսը հենց այս հիվանդությունների պատճառով է: Դրանք կանխելու համար, ըստ Մուրադյանի, սրտի անվճար վիրահատություններ են կատարվել: Այս տարվա փետրվարից, շնորհիվ սրտի վիրահատությունների, նախարարն ասում է՝ մահացության դեպքերը նվազել են 350-ով: Բացի այդ՝ նոր տեխնիկա է ներկրվել օնկոլոգիական հիվանդությունները կանխելու համար, դիաբետիկների համար էլ դեղերի նոր խմբաքանակ է ներմուծվել:

XS
SM
MD
LG