Մատչելիության հղումներ

logo-print

Կենտրոնական բանկի կուտակած պարտքը, ըստ օրենքի, պետք է փոխհատուցի Հայաստանի կառավարությունը:

Նախորդ տարիներին Կենտրոնական բանկը ավելի քան 106 միլիարդ դրամ վնաս էր կուտակել:

Կենտրոնական դրամատան վնասների մասին հայտնի դարձավ կառավարության երեկվա նիստին: Ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը նախ գործադիրին հիշեցրեց օրենքի պահանջը՝ եթե բանկը տարին փակել է օգուտով, այն փոխանցվում է պետբյուջե, իսկ վնասով աշխատելու պարագայում կառավարությունը պետք է փոխհատուցի:

Պաշտոնապես 2014-ին ԿԲ-ն ստացել է ավելի քան 31 միլիարդ դրամ շահույթ, որի 80 տոկոսը՝ գրեթե 25 միլիարդ դրամ, կառավարությանը ուղղելու է Կենտրոնական բանկի կուտակած վնասների մարմանը: Արդյունքում ստացվում է, որ Արթուր Ջավադյանի գլխավորած կառույցի վնասը այլևս կազմում է շուրջ 81 միլիարդ դրամ:

Ֆինանսների փոխնախարարը առաջարկեց այդ 81 միլիարդի համար մուրհակ տրամադրել, ըստ որի կառավարությունը պարտավորվում է մարել մնացած վնասը:

Գործադիրը հավանություն տվեց առաջարկին, սակայն հստակ չէր՝ արդյո՞ք վարչապետը գոհ է, որովհետև, ինչպես ասաց Սաֆարյանը, եթե չլինեին Կենտրոնական դրամատան կուտակած վնասները, այդ 25 միլիարդ դրամը կառավարությունը կարող էր բերել պետբյուջե․ - «Սակայն, քանի որ կա կառավարության պարտավորությունը 106 միլիարդ դրամի չափով, այդ մուրհակների գումարը, կամ պարտավորության գումարը համապատասխան չափով պակասեցվում է»:

Կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչի՞ հաշվին են առաջացել Կենտրոնական բանկի այդ մեծ պարտքերը և ինչպե՞ս են դրանք մարվելու:

«Կենտրոնական բանկի այսպիսի մեծ պարտքերը տարիների ընթացքում են կուտակվել: Ես չեմ կարծում, որ 2-3 րոպեում ես կարող եմ ձեզ բավարարող պատասխան տալ», - արձագանքեց Պավել Սաֆարյանը՝ այդպես էլ չհստակեցրելով, թե եթե մուրհակ տալով կառավարությունը պարտավորվում է մարել Կենտրոնական բանկի պարտքերը, ի՞նչ ժամկետում է դա անելու և ի՞նչի հաշվին:

«Ազատության» խնդրանքին՝ նշել պարտքի առաջացման հիմնական պատճառը, Սաֆարյանն արձագանքեց․ - «Լավ կլինի՝ Դուք դա Կենտրոնական բանկից պարզեք»:

«Ազատությունը» երեկ հարցում է ուղարկել ԿԲ՝ խնդրելով ներկայացնել տասնյակ միլիարդների հասնող պարտքի պատճառը: Պատասխան առայժմ չենք ստացել:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, Կենտրոնական բանկի կուտակած վնասը, ըստ էության, պետության ներքին պարտքն է, որը նույնպես պետք է մարեն Հայաստանի քաղաքացիները․ - «Ես 2001 թվականից փորձեցի գտնել․․․ 2001-ին, 2002-ին, 2003-ին Կենտրոնական բանկը ունեցել է շահույթ՝ ասենք 8 միլիարդ, 6 միլիարդ, 10 միլիարդ: 2004-ից արդեն սկսվում է Կենտրոնական բանկի վնասով աշխատելը»:

Խաչատրյանի խոսքով՝ նման վնասներով աշխատող պետական կառույցը նախորդ տարիներին անընդունելի ճոխություններ է իրեն թույլ տվել․ - «Նախատեսում է 1.2 միլիարդ՝ Դիլիջանում բնակելի շենք կառուցելու համար: Երբ խորանում ես, շան գլուխը կարծես թաղված է այդտեղ: Դիլիջանում Կենտրոնական բանկի մասնաշենքի կառուցումը, որը շատ թանկ կառույց եղավ, շատ թանկարժեք կառույց եղավ․․․ Հիմա էլ ավելացել է բնակելի շենք կառուցել այնտեղ աշխատողների համար: Այսինքն՝ դեռևս այդ ծախսերը շարունակվում են: Երկրորդ մեծ պարտքը կապված է այստեղի [Երևանի] Կենտրոնական բանկի նոր մասնաշենքի կառուցման հետ: Երրորդ խնդիրը, որը նույնպես, կարծում եմ, ազդեցություն է ունեցել այս ծախսերի վրա և բերել է Կենտրոնական բանկի վնասով աշխատելուն, Ծաղկաձորի մասնաշենքի կառուցումն է, որը ըստ էության հանգստյան տան է վերածվել, որտեղ օգտվում են Կենտրոնական բանկի կամ բանկային համակարգի աշխատողները»:

XS
SM
MD
LG