Մատչելիության հղումներ

Որոշ ճարտարապետների կարծիքով, սակայն, անգամ իրագործվելու դեպքում ծրագիրը զուրկ կլինի պատմական արժեքից:

Դեռ տարիներ առաջ խոստացված «Հին Երևան» նախագծի իրագործումն ամբողջ թափով կմեկնարկի 2016-ին: Ամփոփելով անցնող տարին՝ այսօր այս մասին հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, հավելելով՝ «նախապատրաստական բոլոր աշխատանքներն այս պահին արված են՝ ցանկապատում, հողային աշխատանքներ․․․»:

Ամիսներ առաջ, մինչդեռ, Նարեկ Սարգսյանը խոստացել էր, որ «Հին Երևան»-ի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2015-ի աշնանը: Այսօր նախարարն ասաց, որ նախագծի համար նախատեսված 2.5 - 3 հեկտար կազմող տարածքի կեսից ավելին իրացված է՝ բնակիչները դուրս են եկել տներից:

«Էկող տարի կտեսնեք, որ շատ ակտիվ տարբերություն կլինի, ամբողջ ծավալով «Հին Երևան»-ի ծրագիրը կսկսվի: Նախատեսված է երեքից չորս տարի, և մենք հիմք չունենք կասկածելու, որ ծրագիրը չի լինի, քանի որ պայմանագրերը կնքված են և գումարներն էլ ըստ հասցեատերերի տրամադրվում են»,- հավաստիացրեց Նարեկ Սարգսյանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հին Երևանի քանդված պատմամշակութային շենքերը վերականգնել Աբովյան-Բուզանդ և Արամի փողոց-Կողբացի հատվածներում։ Ծրագրի իրականացման համար 150 միլիոն դոլար է ներդրել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը:

Ջեմմա Մկրտչյանի ընտանիքը դեռ 50-ականներից է բնակվում Արամի փողոցում: Այսօր գրեթե հարևաններ չունեն, Ջեմման ասում է, որ ինքն էլ ցանկություն ունի տեղափոխվելու, սակայն դեռ չգիտի՝ ինչպես է դա լինելու: «Մեզ ուղարկված նամակներում արդեն սեպտեմբերին ա վերջացել վերջին ժամեկետը, որ պետք ա քանդեին: Ոչ սեփականացնում են, ոչ թողնում են սարքես, ոչ էլ իրանք են օգնում, որ սարքես․․․քանի անգամ դիմել ենք քաղաքապետարան, բոլորովին ռեակցիա չեն տալիս: Չգիտենք՝ փոխհատուցում ա գումարայի՞ն տեսքով, թե՞ բնակարանի, դեռ ոչ մեկս չգիտենք»,- ասում է Ջեմմա Մկրտչյանը:

«Հին Երևան» նախագիծն ի սկզբանե իրականացնում էր «Գլենդել Հիլզ» ընկերությունը: Մկրտչյանն ասում է, որ այդ ընկերության «սխալ գծագրումների» պատճառով իր տան մի մասը հայտնվել է ընկերությանը պատկանող տարածքում: «Էս տարածքը «Գլենդել Հիլզն» ա առել և սեփականաշնորհել ա: Լավ ա արել, բայց կադաստրային հատվածում տեղադրելուց սխալ ա տեղադրել, որի մի մասն ընկել ա իմ տան վրա: Հիմա իմ տունն ուզում եմ սեփականաշնորհել, արդեն մետր ու կես պակաս ա լինում իմ բնակարանը»,- պատմում է Արամի փողոցի բնակչուհին:

Շուրջ երեք ամիս առաջ կառավարությունը որոշեց «Դի ընդ Էյջ Գրուպ» ընկերությանը պետբյուջեից տրամադրել 10 միլիոն դոլարին համարժեք դրամի վարկ` բնակիչներին փոխհատուցում տալու համար: Արամի փողոցի վաղեմի բնակչուհի Ջեմմա Մկրտչյանն ասում է, որ կողմ է նախագծին, սակայն՝ նախ պետք է իրենց խնդիրները լուծվեն: «Դեմ չեմ, թող նախ բնակիչներին բավարարեն, որովհետև սա պայմաններ չի, որ մենք ապրում ենք: Ոնց որ ռմբակոծված Սիրիայի տարածք, Իրաքի տարածք, այ էդ կարգի․․․»:

Ճարտարապետ Մերուժան Մինասյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե անգամ իրականացվի «Հին Երևան» նախագիծը, ապա դա պատմական արժեք չի ունենա, գուցե միայն զբոսաշրջիկների համար հետաքրքիր լինի: «Հուշարձանը ծնվում է իր տեղում, այն արժեք է իր տեղում, արժեք է, երբ ամբողջական է․․․»

Ճարտարապետի պնդմամբ՝ պատմական հուշարձանները անհրաժեշտ կերպով չեն քանդվել, որ այսօր հնարավոր լինի դրանք նույնությամբ վերականգնել:

XS
SM
MD
LG