Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրիում ընտրախախտումների մասին ահազանգերով հարուցվել է 7 քրեական գործ


Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, սահմանադրական հանրաքվեի օրը Գյումրիում խախտումներ մասին շուրջ երկու տասնյակ ահազանգ է եղել, քրեական գործ հարուցվել է դրանցից յոթի կապակցությամբ՝ ուրիշի և երկրից բացակայող անձանց փոխարեն քվեարկելու հատկանիշով:

Բողոք ներկայացնողներից մեկը՝ Նազելի Բաղդասարյանը քվեարկության օրը գնացել է ընտրատեղամաս ու պարզել, որ իր փոխարեն ինչ-որ մեկն արդեն ստորագրել ու քվեարկել էր:

«35/37 տեղամասային կենտրոնում պարզվեց, որ ցուցակում իմ անվան դիմաց ստորագրված է, կա նաև հանձնաժողովի անդամի կնիքը: Ու նշագրում կա, որ քվեարկությունը եղել է նույնականացման քարտով», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Բաղդասարյանը: - «Հանձնաժողովի նախագահը խուճապի մեջ էր, հանձնաժողովի անդամների հետ փորձում էին պարզաբանել, որ «հոգնած են եղել, թյուրիմացություն է եղել»․․․ Ես ասացի՝ պարզաբանում տվեք, զանգեք ընտրատարածքային հանձնաժողով, ես ուզում եմ ընդամենը վերականգնել իմ ընտրական իրավունքը: Նաև արձանագրեք այն փաստը, որ եղել է կոնկրետ խախտում»:

Նազելին դիմում էր գրել հանձնաժողովի նախագահի անունով, նշելով, որ իր ընտրական իրավունքը խախտված է՝ «կազմեք համապատասխան արձանագրություն»:

Այլ անձի փոխարեն քվեարկելու այս փաստով հարուցվել է քրեական գործ:

Մյուս գործը հարուցվել է երկրից բացակայողի փոխարեն քվեարկելու փաստով: Հայկ Հարությունյանը դեկտեմբերի 6-ին նկատել է, որ Հայաստանից արդեն վեց ամիս բացակայող իր հորեղբոր անվան դիմաց ստորագրված է:

«Հորաքրոջս հետ գնացինք, համոզվեցինք, որ հորեղբորս տեղը քվեարկած է: Խնդրեցինք, որ արձանագրեն», - «Ազատությանը» պատմեց Հարությունյանը:

Մասնագիտությամբ իրավաբան Հայկը հարց է բարձրացնում․ - «Արձանագրելու դեպքում, ենթադրենք, հորեղբորս լրացուցիչ ցուցակում կընդգրկեին, քվեաթերթիկ կտային․․․ Իսկ իր տեղը քվեարկված քվեաթերթիկի հարցը ո՞նց էին լուծելու, որ արդեն դա գտնվում է արկղում․․․ Չգիտես «այո» է քվեարկած, թե «ոչ»: Այսինքն՝ այդ հարցին փաստացի լուծում չես կարող տալ»:

Հարուցված քրեական գործերով ընթանում է քննություն:

XS
SM
MD
LG