Մատչելիության հղումներ

Բաքուն կոչ է անում ակտիվացնել աշխատանքը ղարաբաղյան կարգավորման առաջարկների վրա


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարը նկատի ունի «ԼՂ հակամարտությունում ստատուս քվոյի փոփոխությունը»:

«Քանի դեռ Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներում են, չեն լռի զենքերը, չի լինի հետևողական խաղաղության ապահովում», - այսօր Բաքվում տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Խոսելով հրադադարի ռեժիմի խախտումների մասին՝ Մամեդյարովը նշել է, որ 1994 թվականին ուժի մեջ մտած հրադադարից հետո «կրակոցներն ու զոհերն ավարտ չեն ունեցել»․ - «Պատերազմն արդեն 20 տարի շարունակվում է, շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը նման է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին»:

Հայկական զինված ուժերի դուրսբերումը «ադրբեջանական օկուպացված տարածքներից», նրա խոսքով, «կարող էր վերացնել լարվածությունը, բարենպաստ հող ստեղծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար»:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը կոչ է արել ակտիվացնել աշխատանքը բանակցությունների սեղանին դրված առաջարկների վրա՝ «ԼՂ հակամարտությունում ստատուս քվոյի փոփոխության համար»:

«Հայաստանն ավելի քան 20 տարի չի օգտվել այդ հնարավորությունից», - հայտարարել է նա՝ վստահեցնելով, թե Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահներն ու արտգործնախարարները բազմիցս հայտարարել են ստատուս քվոյի անթույլատրելիության մասին, և որ այն պետք է փոխվի:

Մամեդյարովը չի անդրադարձել վերջին ամիսներին քննարկվող՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, որը Բեռնում կայացած Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիև հանդիպման օրակարգային հարցերից էր:

Բեռնի հանդիպման մասին Մամեդյարովն ասել է միայն, թե դա «նշանակալի իրադարձություն» էր:

Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է նաև Կրեմլի գլխավորած դաշինքին՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին՝ ասելով, որ չնայած պաշտոնական առաջարկ չեն ստացել, օրակարգում նման հարց չունեն, բայց անդամակցությունը ԵՏՄ-ին չեն բացառում և անգամ ունեն իրենց պայմանները․ - «Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ պատասխանելով ռուսաստանյան լրատվամիջոցների այդ հարցին՝ ես օգտագործել եմ «Երբեք մի ասա երբեք» արտահայտությունը և բացատրել եմ, թե դա ինչ է նշանակում: Ես նշեցի, թե ինչպե՞ս կարող է Ադրբեջանը մասնակցել մի կառույցի գործունեությանը, որը նախատեսում է տնտեսական ու մաքսային միություն Հայաստանի հետ, որի հետ հայտնի պատճառներով մենք չունենք որևէ կապ»:

Մամեդյարովը նշել է, որ Հայաստանը սահմանակից չէ ԵՏՄ անդամ որևէ երկրի, և հիմնական տրանսպորտային ուղիները, որոնք Հայաստանը կապում են միության անդամ մյուս երկրների հետ, անցնում են Ադրբեջանով։ «Դրա համար էլ առաջին հերթին պետք է լուծում տալ ադրբեջանական տարածքների վերադարձման խնդրին», - եզրահանգել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG