Մատչելիության հղումներ

Կուստուրիցա․ Հայաստանում զգում եմ ինձ մի երկրում, որն արդարության մի մասնիկն է


Էմիր Կուստուրիցան Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: 25-ը դեկտեմբերի, 2015 թ․

Էմիր Կուստուրիցան Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: 25-ը դեկտեմբերի, 2015 թ․

«Շատ հաճելի է կրկին գալ Հայաստան՝ ինձ հոգեհարազատ մի երկիր», - լրագրողների հետ իր հանդիպումն այս խոսքերով սկսեց սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր ու երաժիշտ Էմիր Կուստուրիցան:

Կուստուրիցան ասաց, թե հայերը, ի տարբերություն սերբերի, առնվազն կարողացել են միավորվել և Հայոց ցեղասպանության խնդիրը տարածել ողջ աշխարհով մեկ, մինչդեռ իրենց՝ սերբերին, դա չի հաջողվել, և շարունակեց․ - «[Սերբ] Ժողովուրդը, որն անընդմեջ ցեղասպանության ու բռնությունների է ենթարկվել, լրատվամիջոցներում այժմ զոհից վերածվել է հանցագործի»:

«Հենց այդ պատճառով էլ Հայաստանում զգում եմ ինձ մի երկրում, որն ասես արդարության մի մասնիկն է», - ասաց Կուստուրիցան:

Պատմեց Թուրքիա կատարած ուղևորության մասին՝ նշելով, որ իր այցելությունն անհաճո է դիտարկվել, և ինքը, զգալով դա, հեռացել է այնտեղից: Իսկ երկու օր անց արտաքնապես իրեն շատ նման մի շվեյցարացի կինոռեժիսոր է գնացել Թուրքիա, որին շփոթել են իր հետ ու ծեծել:

«Այնպես որ, եթե դուք նման եք Կուստուրիցային, ֆիլմեր մի նկարահանեք», - կատակեց նա։

Այսօր երեկոյան նա իր հիմնադրած No Smoking Orchestra ֆոլկ-փոփ խմբով հանդես է գալու Մարզահամերգային համալիրում: Համերգը կազմակերպել են «Մեցցո» և «Ալմազյան» ընկերությունները: Սա, նշենք, խմբի արդեն երկրորդ այցելությունն է Հայաստան․ առաջին անգամ խումբը Երևանում համերգով հանդես է եկել հինգ տարի առաջ:

Արվեստը Կուստուրիցայի համար բացառիկ արժեք ունի․ Աստված, նրա համոզմամբ, հենց մշակույթից է ծնունդ առել․ - «Ու քանի որ ես հավատում եմ մշակույթին, հավատում են նաև Աստծուն»:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչ ֆիլմ է հիմա նկարահանում և արդյոք այսօրվա համերգին հնչելու են նոր ստեղծագործություններ, Կուստուրիցան ասաց․ - «Նոր ոչինչ չկա, բացի նրանից, որ ամեն ինչ նոր է»:

Ասաց նաև, որ այժմ աշխատում է «Ծիր Կաթին» խորագրով ֆիլմի վրա, որտեղ նաև գլխավոր դերակատարն է՝ հավելելով, թե այլևս երբեք նման բան չի անի, քանի որ «կինոն բացարձակապես ժողովրդավարական արվեստ չէ»․ - «Դա պատերազմական թատերաբեմ է, որտեղ ռեժիսորը գլխավոր գեներալն է: Իսկ միաժամանակ գեներալ և զինվոր լինելը գրեթե անհնարին է»:

Կուստուրիցան, այդուհանդերձ, ասաց, որ նկարահանումներն արդեն ավարտվել են, և ֆիլմը կցուցադրվի 2016 թվականի Կաննի կինոփառատոնին:

Լրագրողների հետ հանդիպման ավարտին Էմիր Կուստուրիցան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

XS
SM
MD
LG