Մատչելիության հղումներ

ՃՈ-ն տոներին ուժեղացված ծառայություն կիրականացնի


Ճանապարհային ոստիկանությունը տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն կիրականացնի հանրապետության բնակավայրերում ու ճանապարհներին:

Ոստիկանությունը հորդորում է վարորդներին մեքենա վարելու դեպքում ընդհանրապես ձեռնպահ մնալ ոգելից խմիչք օգտագործելուց: «Ուժեղացված ծառայության ընթացքում ոչ մի ներողամտություն չի դրսևորվի հատկապես հարբած վարորդների հանդեպ. կարգազանցը կենթարկվի պատասխանատվության, ոստիկանական պարեկախումբն ուղևորներին կուղեկցի տուն, իսկ ավտոմեքենան կտեղափոխվի Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք», - հայտարարում է ոստիկանությունը՝ կոչ անելով ծնողներին ուշադիր լինել հատկապես անչափահասների հանդեպ:

«Զերծ պահեք նրանց ոգելից խմիչք օգտագործելու, առավել ևս՝ ավտոմեքենա վարելու գայթակղությունից: Աջակցեք ոստիկանությանը երեխաների անվտանգության ապահովման գործում: Համատեղ անենք ամեն ինչ՝ տոնը միջադեպերով ու պատահարներով չմթագնելու համար», - ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել նաև տոնական հրավառությունների կազմակերպման անվտանգության կանոնները: «Հայաստանի կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի որոշումով թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 1-ը, բայց հիշենք, որ շրջապատում ծերեր, հիվանդներ, մանկահասակ երեխաներ կան, անհարկի աղմուկով չխախտենք նրանց անդորրը, չվտանգենք նրանց առողջությունը, նեղություն չպատճառենք մարդկանց: Գրված օրենքներից բացի, կան նաև չգրված օրենքներ՝ համակեցության կանոններ, որոնք պահպանելը բոլորիս բարոյական պարտականությունն է», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG