Մատչելիության հղումներ

logo-print

Բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակման գործով կան ձերբակալվածներ


Բացահայտվել է դեկտեմբերի 21-ին Երևանի Մյասնիկյան փողոցում` բենզալցակայանի տարածքում, նույն բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակումը։ Այդ մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ երկու անձ ձերբակալվել է:

«Նախնական տվյալներով, դիմակավորված երկու անձ, ուրիշի գույքը ավազակային հարձակման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, ատրճանակով ու դանակով զինված, դեկտեմբերի 21-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գործող բենզալցակայանի տարածքում, նույն բենզալցակայանի աշխատակից Ա. Մարտիրոսյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել են գումար: Վերջինիս կողմից դիմադրության արժանանալով՝ դանակով և ատրճանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա. Մարտիրոսյանի գլխին ու մարմնի տարբեր մասերին և դիմել փախուստի: Ա. Մարտիրոսյանն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 08:00-ի սահմաններում մահացել է», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակային հարձակում) 3-րդ մասի 3-րդ կետի, 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ կետերի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

«Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են կատարված ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր Երևանի բնակիչներ են, 1986 թվականին ծնված: Կասկածյալները դեկտեմբերի 24-ին հայտնաբերվել են և ձերբակալվել», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG