Մատչելիության հղումներ

ՔԿ. Բացահայտվել է «Գուդվին-Բետ»-ում տեղի ունեցած սպանությունը


Բացահայտվել են դեկտեմբերի 24-ին «Գուդվին-Բետ» ընկերությանը պատկանող գրասենյակում տեղի ունեցած ավազակային հարձակման և գրասենյակի աշխատակից Արթուր Նազարյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այդ մասին հաղորդում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

«Քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքում գործող «Գուդվին-Բետ» ընկերությանը պատկանող գրասենյակում ավազակային հարձակումն իրականացվել է Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդու կողմից։ Նախնական տվյալներով՝ վերջինս դեկտեմբերի 24-ին ժամը 01-ից մինչև ժամը 02-ն ընկած ժամանակահատվածում, որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել և բազմաթիվ հարվածներ է հասցրել Երևան քաղաքում գործող «Գուդվին-Բետ» ընկերությանը պատկանող գրասենյակի աշխատակից Արթուր Նազարյանի որովայնի, պարանոցի և կրծքավանդակի հատվածներին՝ սպանելով նրան, ապա հափշտակել գումար ու դիմել փախուստի», - ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեն տեղեկացնում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել 32-ամյա տղամարդուն Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի («Սպանություն») 2-րդ մասի 8-րդ կետով և 175-րդ հոդվածի («Ավազակային հարձակում») 2-րդ մասի 4-րդ կետով, որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

«Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և հայտարարվել հետախուզում։ Քննիչը հանձնարարություն է տվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին՝ օպերատիվ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ մեղադրյալին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Ոստիկանությունն այսօր հրապարակել է հետախուզվողի անուն-ազգանունն ու լուսանկարը՝ 1983 թվականին ծնված Կարեն Շահինյան։ Ըստ հաղորդագրության, Շահինյանը նախկինում դատվածություն է ունեցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG